Այսուհետ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը ռուսական զորքերն են
Փորձեմ ձեզ իմ տնայնագործական բառապաշարով բացատրել աշխարհաքաղաքական որոշ նրբություններ։
Սկսեմ հայ-ռուսական հարաբերություններից։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, հյուսիսային դաշնակցի հետ հարաբերություններում կային հարցեր, չնայած դրանք երբևիցե խնդիր չէին հարուցում, քանի որ կար դաշնակցային շահերի ճշգրիտ ընկալում։ Բայց դա հասկանում էին, օրինակ, Հայաստանի իշխանության վերին օղակներում (միջին և ստորին օղակների համար էականը նեղ անձնական շահերն են եղել, ինչ պետական շահ, ինչ բան):
Արտաքին մարտահրավերներին դիմակայելու ճկունությանը զուգահեռ մեր երկրում աչքաթող էին արվում ներքին խնդիրները։ Ու էդպիսի պայմաններում, չլուծված խնդիրների հաշվին ներքին ատելություն գեներացնելով, ռուսական ազդեցության արևմտյան հակառակորդները Հայաստանում իշխանության բերեցին փաբերում քաղաքագիտությունից դիսերտացիա պաշտպանողները։ Էս մարդիկ քանդեցին հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերությունները, սոված ժողովրդի ստամոքսի առաջ հոլոգրաֆիկ ելակներ նկարազարդելով՝ բթացրին սպառնալիքների գիտակցումն ու զգոնությունը։
Հիմա բուն թեմայի շուրջ։ Այն, որ էս պատերազմում մենք ամբողջ Արցախը չկորցրինք, դա միայն ու միայն 10 օր Երևանի երկնքում վայրէջք կատարող ռուսական ինքնաթիռների շնորհիվ ա։ Մեր թշնամիների խնդիրը Իրանի սահմանին իրավիճակի վերահսկելի ապակայունացումն ա կարճաժամկետ կտրվածքով։ Միջնաժամկետում՝ տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացումն ա թուրքական գործոնի ուժեղացման հաշվին։ Երկարաժամկետում՝ օրեցօր մեծացող չինական էքսպանսիայի հաղորդակցական ճանապարհները թուրքական (կուզեք՝ մեծթուրանական) գործոնի հաշվին վերահսկելը։
Էդպիսի իրողություններում ո՞րն է կարող լինել Հայաստանի դիրքորոշումը, եթե կարճաժամկետում թուրքական գործոնի ուժեղացումը էականորեն պայմանավորված էր/է հայկական տարածքների կորստով։ Բնականաբար, ռուսների և իրանցիների հետ հարաբերությունների վերանայումը կարճաժամկետում ու միջնաժամկետում/երկարաժամկետում, և ՉԺՀ հետ՝ երկարաժամկետում։ Նախ, պետք ա հասկանանք, որ առանց Ռուսաստանի, ռուսական ռազմական ներկայության մենք չենք կարողանա ոչ միայն Արցախի դեռևս չհանձնած հատվածը պահել, այլև խիստ հարցականի տակ կդնենք Սյունիքի անվտանգությունը։ Այլ կերպ ասած՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը Հայաստանի համար առավելապես անվտանգային հարթության հարց է։ Այսուհետ Հայաստանի (ու Արցախի) անվտանգության երաշխավորը ռուսական զորքերն են (ռազմաբազան ու խաղաղապահները):
Արմեն ՄԽԻԹԱՐՅԱՆ
միջազգային փորձագետ