Ռուսաստանը երբեք մեզ չի խանգարել լինել նորմալ երկիր եւ ունենալ ժողովրդավարություն. Լևոն Մարտիրոսյան

«Հրապարակ» օրաթերթի հարցազրույցը Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հետ
— Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը: Միրզոյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները նոր փուլ են մտնում: Ի՞նչ նոր մեկնարկի մասին է խոսքը, և ի՞նչ որակի հարաբերություններ է Հայաստանն ունեցել Մեծ Բրիտանիայի հետ մինչև 2018 թվականը:
— Կդժվարանամ հստակ` տնտեսական թվերով ասել, թե ինչպիսին են եղել հայ-բրիտանական հարաբերությունները, սակայն կարող եմ նշել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունները եղել են շատ նորմալ, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Մեծ Բրիտանիայի նման գերտերության հետ հարաբերությունները պետք է ամեն կերպ ավելի սերտացնել` թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումներով: Գաղտնիք չէ, որ մեր հարյուրավոր երիտասարդները մեկնում են Մեծ Բրիտանիա` հազարավոր ծրագրերով ստանում են բրիտանական լավագույն կրթությունը: Այսինքն` եթե առաջ մի քանի հոգի էր կարողանում Բրիտանիա մեկնել` սովորելու նպատակով, ապա այսօր պատկերն այդ առումով այլ է: Եթե հայ-բրիտանական հարաբերություններն ավելի են խորանում, ես շատ ուրախ եմ: Օրերս էլ մեր դեսպանության նոր շենքը բացվեց Բրիտանիայում, դա շատ կարևոր է, որովհետև մենք մինչ օրս Մեծ Բրիտանիայում չունեինք մեր սեփական դեսպանության շենքը, վարձակալում էինք տարածքը: Պրոտոկոլային առումով դա շատ կարևոր քայլ է և հարաբերությունների առումով մեկ աստիճան բարձրացնում է մեզ:
— Կարծում եք` շե՞նքն է հայ-բրիտանական հարաբերություններն առավել բարձր մակարդակի բարձրացնելու: Ի վերջո` նույն Մեծ Բրիտանիան որևէ կերպ չդատապարտեց Ադրբեջանին, երբ երկու ամիս առաջ մեր 120 հազար հայրենակիցները ենթարկվեցին բռնի տեղահանման:
— Շենքի մեջ չէ խնդիրը, բայց դա ցուցիչ է, որ ավելի մեծ կարևորություն է տրվում տվյալ երկրի հետ հարաբերությունների զարգացմանը: Մեծ Բրիտանիան ինչքան էլ որ խնդիրներ ունենա, միևնույն է` միջազգային հարթակներում կարևոր և ազդեցիկ երկիր է, այլ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Ադրբեջանին դատապարտելուն, կա՞ մի երկիր, որը դատապարտեց:
— Ֆրանսիան գոնե կոշտ քննադատության արժանացրեց Ադրբեջանին:
— Կոշտ արձագանքներ ես ոչ մեկից չեմ լսել, ցավոք:
— Հայաստանն այս առումով ունի՞ անելիք միջազգային հարթակներում: Ի վերջո` եթե պատերազմից երկու ամիս անց գնում ես մի երկիր, որտեղ ոչ մի խոսք անգամ չի ասվում քո ցեղասպանված ժողովրդի մասին, էլ ի՞նչ նոր հարաբերությունների մասին կարող է խոսք լինել:
— Միջազգային հարթակներում Հայաստանը միշտ անելիք ունի, բայց այնպես չէ, որ այդ անելիքները միայն արձագանքներ ստանալուն են միտված: Հայաստանն ամենակարևոր աշխատանքը պետք է իր ներսում անի` քաղաքական, տնտեսական համակարգերը պետք է նախ համապատասխանեցնել միջազգային նորմերին, որովհետև եթե ներսում թույլ ենք, ե՛ւ Արցախը կհայաթափվի, ե՛ւ Հայաստանը կհայաթափվի, և այդ պարագայում միջազգային արձագանքը չէ, որ պետք է հարցեր լուծի:
— Ի՞նչ անելիք ունի Հայաստանը:
— Հայաստանի ներսում պետք է փոփոխություններ արվեն: Հայաստանը պետք է դառնա ժամանակակից եվրոպական երկիր, այլ ոչ թե հետամնաց միջինարևելյան չգիտես ինչ…. Խոսքը միայն վերջին մարտահրավերների մասին չէ, մենք վերջին 30 տարում սխալ ուղղությամբ ենք գնացել, դրա համար էլ Արցախը կորցրել ենք: Մենք Ադրբեջանի հետ մրցել ենք, թե մեզնից ով է ավելի Ադրբեջան, ով է ավելի կոռումպացված, ով է ավելի ավտորիտար, մրցավազքում, բնականաբար, հաղթել է Ադրբեջանը, որովհետև ավելի ավտորիտար է ու կոռումպացված: Մենք շանս ունեինք հաղթելու, եթե լինեինք ժողովրդավար, այդտեղ ունեինք շանս: Ամեն դեպքում, պայքարը դեռ ավարտված չէ, և պետք է այդ ուղղությամբ գնանք: Հարևաններից պետք է այդ առումով առաջ ընկնենք: Մարդու իրավունքների պաշտպանություն և այլն․ դրանք բառակապակցություններ են, որոնք այնքան էլ լուրջ չեն ընկալվում մեր երկրում տարբեր խավերի կողմից, բայց այլ ճանապարհ, այլընտրանք չկա:
— Նշում եք, որ 30 տարի սխալ քաղաքականություն են վարել: Ձե՞զ նկատի ունեք նաև:
— Ես մեղադրում եմ բոլորիս:
— Նախկին իշխանություններին, որի մաս էիք կազմում, փորձե՞լ եք ժամանակին ասել, որ սխալ ճանապարհով ենք գնում:
— Այո, իհարկե: Բոլոր իշխանություններն էլ սխալ ճանապարհով են գնացել, դրա համար էլ Արցախը կորցրինք: Եթե տեր չլինենք հիմա մեր երկրին, Հայաստանը ևս կկորցնենք: Կարծում եմ` այստեղ մեծ գաղտնիք չեմ բացում:
— Այսինքն, պարտված իշխանություններին հավասար հարթության վրա եք դնում նախկին իշխանությունների հետ:
— Ես ընդհանուր, խոհափիլիսոփայական եզրակացություն արեցի: Թե ով ինչ է արել, դրան կարելի է անդրադառնալ առանձին: Առանձին թեմա է:
— Եթե ցանկանում եք, որ Հայաստանը դառնա եվրոպական երկիր, հավանաբար կողմ եք, որ թեքվենք դեպի Արևմուտք:
— Ոչ, բացարձակապես: Մենք պետք է կայուն հարաբերություններ ունենանք բոլոր կենտրոնների հետ, հատկապես՝ դաշնակից Ռուսաստանի հետ, ինչպես նաև՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Չի կարելի դրանք անել մեկը մյուսի հաշվին և չի կարելի վատ հարաբերություններ հաստատել նրանցից որևէ մեկի հետ:
— Բայց հնարավո՞ր է ռուսական վեկտորի պահպանմամբ դառնալ եվրոպական երկիր:
— Ամեն ինչ հնարավոր է, Ռուսաստանը երբեք մեզ չի խանգարել լինել նորմալ երկիր և ունենալ ժողովրդավարություն: Ամեն ինչ մեր ցանկությամբ է, եթե ցանկանանք, ամեն ինչի էլ կհասնենք: