Զելենսկու այցով Արևմուտքը «փուռն է տալիս» Հայաստանը. Վահան Բաբայան

«Հրապարակը» գրում է.

«Օրերս France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, քննադատելով Հայաստանի անվտանգության համար պատասխանատու միակ արտաքին ռազմական կառույցին՝ ՀԱՊԿ-ին, հայտարարեց, թե անդամակցությունը, ըստ էության, սառեցված է։ «ՀԱՊԿ-ն, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ 2021, 2022 թվականներին, եւ դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետեւանքների: Այդ հետեւանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղն ինչ կլինի՝ վաղը կերեւա»,- ասել էր Փաշինյանը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում ասում է՝ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ սառեցման գործընթաց գոյություն չունի, դա ուղղակի քաղաքական հայտարարություն է, որ արել է Փաշինյանը։ «Դա լղոզված, անհասկանալի հայտարարություն է, որը հնարավոր է նաեւ, որ քաղաքական մանյովր է։ Կա՛մ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, կա՛մ շարունակի մնալ ՀԱՊԿ-ում։ Դուրս կգա, թե կմնա՝ ընթացիկ հարցեր են։ Հայաստանի հասարակությունը ՀԱՊԿ-ին, իհարկե, հարցեր ունի տալու՝ իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Բայց եկեք նաեւ այլ տեսանկյունից նայենք իրավիճակին։ Մենք շատ լավ տեսնում ենք իշխանությունների դիրքորոշումը․ ռուսներին ասում են՝ շատ վատն եք, ֆրանսիացիներին՝ շատ լավը»,- ասուկ է Բաբայանը։ Նա տրամաբանություն չի տեսնում իշխանությունների այն քաղաքականության մեջ, որ ռուսների կողմից պաշտպանություն չեն տեսնում, ֆրանսիացիներից տեսնում են։ Ասում է՝ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, Հայաստանի իշխանությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ «Ի՞նչ է նշանակում՝ սառեցնել։ Եթե մի երկու միջոցառման չես գնում, դա չի նշանակում, որ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից»,- ընդգծում է նա։

Նախորդած տարիներին Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի ղեկավարած կառույցի նկատմամբ մերժողական վերաբերմունք բազմիցս ցուցաբերել են, սակայն դա դեռ չի նշանակում, որ ՀԱՊԿ-ից հեռացել են կամ նման մտադրություն ունեն։ Նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին եւ այլեւս ներկայացուցիչ չնշանակեց ռազմական դաշինքում։ Քաղաքագետի խոսքով՝ սա հենց սառեցման տանող եղանակներից մեկն է, սակայն ներկայացուցիչ չունենալն էլ դեռ չի նշանակում, թե դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ «Կան խողովակներ, որոնցով շփումներ ու քննարկումներ են գնում։ Որեւէ մեկը չի կարող ասել, թե այդ բանակցություններն ինչպես կավարտվեն, որովհետեւ անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է ասել. Հայաստանը կանգնած է ադրբեջանական նոր հարձակման վտանգի առաջ, իսկ հաջորդ պահին՝ որ սառեցնում ես միակ ռազմական կառույցում գտնվելու ներկայությունդ։ Այդ դեպքում ուրիշ ո՞ր ռազմական բլոկն ու դաշինքն են մեզ պաշտպանելու։ Սա քաղաքական նոնսենս է»,- ասում է Բաբայանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո ՀԱՊԿ-ից անմիջապես հայտարարեցին՝ ՀԱՊԿ-ն Երեւանից անդամակցության կասեցման մասին դիմում չի ստացել։ «Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը Երեւանից դիմում չի ստացել՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին պնդումներին, ապա, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից վերջերս իրականացված մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցության մասին է»,- լրատվամիջոցներին ասել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատակիցը։

Այս ֆոնին Ուկրաինայի նախագահ Զելենսկու` Հայաստան գալու մասին տեղեկությունը շոկային էր հայ հասարակության համար, որովհետեւ Զելենսկին այն պաշտոնյաներից է, որ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեց Ալիեւին՝ հաղթանակի եւ Ադրբեջանին` տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Անդրադառնալով Զելենսկու` Հայաստան այցելությանը, Բաբայանն ասաց՝ սա Արեւմուտքի կողմից Հայաստանը «փուռը» տալու քայլ է։
«Քանի որ Զելենսկու այցից հետո ավելի են սրվելու ռուսական կողմի հետ ունեցած խնդիրները։ Հետաքրքիրն այն է, որ նույն Զելենսկին եթե այցելի Բաքու, խնդիրներ չեն առաջանա Ալիեւի համար։ Հայաստանն այսօր այնքան է թուլացել, չի կարողանում տեր կանգնել իր արտաքին քաղաքականությանը, Զելենսկու այցը՝ վառ օրինակ»,- հավելում է մեր զրուցակիցը։»