Կուրյոզ է, որ հեղափոխականների կողմից ընտրված քաղաքապետը դառնում է ռեֆորմիստ. Վահան Բաբայան

«Ազգային առաջընթաց» կուսակցությունով Երեւանի ավագանի դարձած, ապա մանդատից զրկված Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հիմա էլ որոշել է իր կուսակցությունը բացել: Մայիսի 1-ին տեղի կունենա «Նոր ուժ» անունով նրա կուսակցություն անդրանիկ համագումարը: Հատկանշական է այն, որ նոր ձեւավորվող կուսակցության ծրագրային հիմնադրույթներում ասված է, թե «Նոր ուժը» լինելու է ռեֆորմիստական կուսակցություն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՆԿԱՏԵԼ, ՈՐ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԳԱ ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ»

— Որպես Ռեֆորմիստական կուսակցության նախագահ` Ձեր գնահատմամբ, որքանո՞վ Հայկ Մարությանը իր նոր կուսակցությունով կկարողանա դիրքավորվել ռեֆորմիստական գաղափարախոսության մեջ:

— Դժվարանում եմ ասել, չգիտեմ` Հայկ Մարությանն ուսումնասիրե՞լ է ռեֆորմիստական գաղափարախոսությունը, թե` ոչ, համենայնդեպս, ողջունելի է, որ քաղաքական դաշտի նորաստեղծ խաղացողները սկսում են ընտրել ռեֆորմիստական գաղափարներ: Մենք դեռեւս 2016 թվականին ենք այդ գաղափարախոսությունն ընտրել: Եվ ես ինչպես 8 տարի առաջ, այնպես էլ այսօր գտնում եմ, որ Հայաստանի ապագան ոչ թե հեղափոխականության մեջ է, այլ հենց` ռեֆորմների: Այնպես որ, ողջունում եմ իրենց այդ նախաձեռնությունը:

— Իսկ չե՞ք կարծում, որ Հայկ Մարությանը ոչ թե այդ գաղափարախոսության կրողն է, այլ սա նրա հերթական դերն է, որը ստանձնում է:

— Իրականում առաջին անգամ եմ լսում, որ նրա կուսակցությունը լինելու է ռեֆորմիստական: Ավելի շատ կարելի է նմանեցնել, որ փորձում են այդպիսի բովանդակությամբ ներկայանալ, այլ ոչ թե ռեֆորմիստական գաղափարներով: Երբեւէ չեմ նկատել, որ Հայկ Մարությանը հանդես գա ռեֆորմիստական գաղափարներով: Ինչպես հիշում եք, նա եղել է հեղափոխական, երբ բոլորից զզվում էր եւ հրապարակներում հեղափոխության կոչեր էր անում: Գիտեք, մի քիչ բարդ է լինել հեղափոխական, հետո դառնալ ռեֆորմիստ: Ռեֆորմիզմի գաղափարախոսության հիմքում դրված է, որ իրենք մերժում են հեղափոխականությունը: Եթե նորահայտ կուսակցության առաջնորդը ժամանակին եղել է հեղափոխական այսօր դառնում է հեղափոխություն մերժող, հետեւաբար ինքը մերժում է իր անցյալը եւ փորձում մաքրվել այդ անցյալից: Փաստորեն, ստացվում է, որ նա այդքան ժամանակ սխալ ճանապարհով է շարժվել: Մինչդեռ երեւանցիների գերակշիռ մեծամասնությունն իրեն ձայն է տվել, որպես հեղափոխական, եւ դրա համար է նա ընտրվել քաղաքապետ, այլ ոչ թե` որպես ռեֆորմիստ: 2018 թվականին, եթե հիշում եք, Ռեֆորմիստների կուսակցությունն էլ է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, բայց ժողովուրդն ընտրել է ոչ թե ռեֆորմիստներին, այլ` հեղափոխականներին: Սա կուրյոզ է, որ տարիներ անց հեղափոխականների կողմից ընտրված քաղաքապետը, դառնում է ռեֆորմիստ:

— Այսինքն` ստացվում է, որ Վահան Բաբայանը ճիշտ էր, Հայկ Մարությանը` սխա՞լ:

— Վահան Բաբայանը ճիշտ էր դեռեւս 2016 թվականին, երբ ասում էր, որ Հայաստանի ապագան ռեֆորմներն են, ոչ թե հեղափոխությունը: Եվ այդ ժամանակ ինձ հարցնում էին` ի՞նչ հեղափոխություն Հայաստանում, ես ասում էի` որեւէ բան մի բացառեք, դրանով էլ է մեր երկիրն անցնելու: Իսկ այսօր արդեն փաստ է, որ եկավ ու անցավ: 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ ժամանակահատվածում, ես կրկին, որպես ռեֆորմների գաղափարի կրող, ասում էի, որ բարեփոխումներով է պետք երկիրը, քաղաքը զարգացնել, բայց մենք պարտվեցինք ընտրություններում եւ իբր հաղթեցին հեղափոխականները: Իսկ ո՞ւր են այսօր այդ հաղթածները, դուք ինքներդ եք ասում, թե ինչ են գրում իրենց ծրագրային հիմնադրույթներում: Սրանով կարող ենք ֆիկսել, որ ինչպես ժամանակին ենք ասել, Հայաստանի ապագան ռեֆորմների մեջ է եւ ոչ թե հեղափոխականության: Մնացածն արդեն ձեւակերպումներ են: Ժողովուրդն ինքը թող որոշի` արդյոք կարող է մարդ հինգ տարվա մեջ լինել արմատական հեղափոխական, հետո դառնալ` արմատական ռեֆորմիստ: Սա նոնսենս է, ամբողջ աշխարհում, երեւի թե, չենք գտնի նման օրինակ:

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԱԼՈՎ ԿԱՄ ՄԻՏԻՆԳՆԵՐ ԱՆԵԼՈՎ` ԵՐԿԻՐԸ ՉԵՍ ՓՐԿԻ, ԻՄՊԻՉՄԵՆԹ ԷԼ ՉԵՍ ԱՆԻ»

— Այսօր ամբողջ ընդդիմադիր դաշտը խոսում է համախմբման մասին, բայց տեսնում ենք, որ թրենդային է դարձել մեկը մյուսի հետեւից նոր կուսակցություններ բացելը: Այս ճանապարհով իրատեսակա՞ն է պայքարել օրվա իշխանության դեմ:

— Յուրաքանչյուրի որոշելիքն է եւ սահմանադրական իրավունքն է կուսակցություններ, կազմակերպություններ ստեղծելը: Դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում: Մարդիկ ինքնադրսեւորվում են, բայց այլ հարց է, թե դա ինչ օգուտ է տալու ՀՀ ապագային: Այստեղ նույնիսկ խնդիրը դրված չէ իշխանությունն ինչպիսին կլինի եւ ով կլինի, խնդիրն այն է, թե ՀՀ ապագան որեւէ մի նման նորաստեղծ կուսակցություն պատկերացնո՞ւմ է, թե իրականության մեջ ինչպես կարող է լինել: Արդյոք այդ մարդկանց համար կուսակցություններ ստեղծելն ուղղակի գործիք չէ հերթական ընտրություններին մասնակցելու համար: Կարծում եմ` ժամանակը ցույց կտա` ով որտեղ է, ով ինչ է անում, չէ որ նման հարցերի լավագույն պատասխան տվողը ժամանակն է:

— Երկրում ստեղծված իրավիճակի ելքը «Միասին» շարժումը տեսնում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մեջ, ինչի համար դիմել է խորհրդարանական երեք ուժերին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական, որ հաջողությամբ կպսակվի այս նախաձեռնությունը` նկատի ունենալով, որ այդ կոչերով հանրահավաքներ արդեն եղել են Բաղրամյան փողոցում, որից հետո պարզվեց, որ չկա պատգամավորների այն քանակը, որը կկարողանա այդ գործընթացը կյանքի կոչել:

— Շատ լավ հիշում եմ այդ գործընթացը եւ, ցավոք սրտի, կանխատեսում եմ, որ այս իրավիճակում էլ որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվելու: Երեւի թե, այս հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել խորհրդարանական ուժերին` իրենք պատրա՞ստ են առաջնորդվել տվյալ շարժման օրակարգով, որովհետեւ իրենք պետք է նաեւ իրենց վարչապետի թեկնածուն առաջադրեն: Բայց մինչեւ այդ գործընթացը սկսելը` իրենք ունե՞ն այդքան ձայն, որ իմպիչմենթի գործընթաց սկսեն, իմպիչմենթ անող ուժը  ի՞նչ ծրագիր է առաջարկում, ի՞նչ ղեկավարի թեկնածու է առաջարկում, ո՞վ է լինելու իրենց վարչապետը, խորհրդարանական խմբակցությունները համաձա՞յն են, թե՞ իրենք էլ իրենց օրակարգն ունեն: Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնց վերաբերյալ պետք է ունենալ հստակ օրակարգ, իսկ մարդիկ հպանցիկ ու թեթեւ են նայում: Հարցազրույցներ տալով կամ միտինգներ անելով` երկիրը չես փրկի, իմպիչմենթ էլ չես անի: Այնպես որ, մեծ սպասելիքներ չունեմ:

— Հիմա ակտիվ վերադասավորումներ են ընթանում ընդդիմադիր դաշտում, ո՞րն է Ռեֆորմիստների կուսակցության տեսլականը` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու:

— Մինչեւ չլինի համախմբում եւ հստակ օրակարգ, ոչինչ չի ստացվելու: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ պետք է ամբողջ ընդդիմադիր քաղաքական ուժերի սպեկտորը համախմբվի մեկ ուղեծրի շուրջ եւ ունենա լուրջ առաջնորդ` ղեկավարի թեկնածու: Ժողովուրդն էլ պետք է իմանա` լավ, եթե անվստահություն ենք հայտնում, Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը ո՞րն է,  ո՞վ է ղեկավարելու երկիրը: Դուք այդպիսի մարդու անուն լսե՞լ եք, դեռ ընդդիմությունը անուն չի տալիս: Մինչեւ այս խնդիրները չլուծվեն, ո՛չ մի փողոցային պայքար, ո՛չ մի թեկուզ ուժեղ կուսակցություն միայնակ, ո՛չ մի շարժում միայնակ, չի կարող հարց լուծել եւ երկրում փոփոխությունների հասնել:

«ԱՅՍՕՐ ՈՎ ԱՌԱՎՈՏ ՄԻ ՔԻՉ ՇՈՒՏ Է ԱՐԹՆԱՆՈՒՄ, ԱՐԴԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է»

— Կարծում եք`  պատրա՞ստ են ընդդիմադիր ուժերն ամբիցիաները մի կողմ դնել եւ համախմբվել այսօր, երբ հենց իրենք են երկրի իրավիճակը գնահատում օրհասական:

— Ես չեմ հավատում, որ պատրաստ են, տեսնեմ էլ աչքովս, չեմ հավատա: Շատ բարդ բան եք ասում, ավելին ասեմ` ինչքան շանսերը մոտ լինեն, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, այնքան բոլորի ամբիցիաները տեղի կտան: Այսօր ով առավոտ մի քիչ շուտ է արթնանում, արդեն վարչապետի թեկնածու է իրեն համարում: Քաղաքական դաշտն այս վիճակում է: Նման պայմաններում շատ անհավանական եմ համարում հաջողության հասնելը: Երբ կլինի լուրջ առաջնորդ եւ բոլորը համաձայնության կգան մեկ մարդու շուրջ, որպես այլընտրանք, ու հասարակությունը եւ ժողովուրդն էլ կընտրի այդ մարդուն, այդ ժամանակ նոր կարող են լինել լուրջ գործընթացներ: Ինչքան ուզեք թեկնածուներ կան, ինչքան ուզեք` խոսացողներ, բայց ռեալ, որ կարող է պատասխանատվություն վերցնել իր վրա, երկրի վիճակ փոխել, արտաքին լուրջ մարտահրավերների դեմն առնել, մի խոսքով` բանակցող դառնալ մեր երկրի համար, այդպիսի մարդ չկա այս պահի դրությամբ ասպարեզում: Եթե լինի, մենք կիմանանք:

— Ստացվում է, որ ընդդիմությունն իր այս վարքագծով հարատե՞ւ է դարձնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

— Որեւէ իշխանություն հավերժ չէ, ամեն ինչ ունի իր ժամանակը: Կարծում եմ` երբ կգա ժամանակը, Նիկոլ Փաշինյանը կհեռանա:

— Իսկ եթե չափազանց ուշ լինի՞ ինչ-որ բան փրկելու համար…

— Ամեն ինչ հարաբերական է` նայած ում համար ինչպես: Մի՛ մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին ընտրել են, ինքն իր մանդատը ստացել է, այսօր էլ այն իրացնում է, իսկ երկրում չկա զանգվածային որեւէ բողոքի դրսեւորում: Բոլորը խոսում են միայն Ֆեյսբուքում, հարցազրույցներ են տալիս, բոլորն ուզում են երկրի ղեկավար դառնալ, բացում են կուսակցություններ, անունները մեկը մեկից լավն է, իսկ միասնություն` չկա: Բայց այս ամենի մեջ առավել հետաքիքր էր, իհարկե, ձեր ասածը, որ նախկին հեղափոխականը դառնում է ռեֆորմիստ: Սա, իրոք, մտածելու տեղիք է տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ