Օգնենք առկա պահել Արցախի հոգևոր-կրթամշակութային՝ նշանային դաշտերը․ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց

Անցյալ դարի 30-ականների վերջին հիմնադրված Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը՝ ուսուցչական և աշակերտական ողջ կազմով անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանում է։ Ցավոք, այլևս սեփական հարկի տակ պարապմունքներ իրականացնելուց զրկված է դպրոցը։

Այսինքն, բռնի տեղահանվել է նաև դպրոցը և ուսումնական գործընթացը դադարեցված է։

Եվ թեպետ մեկ հարկի տակ դաս չեն անում, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը չի դադարում հավատալ, որ հրաշալի ավանդույթներ ունեցող 86-ամյա մշակութային կրթօջախը Հայաստանում իր երկրորդ կյանքը, իր նոր տանիքը կունենա, որ Հայկական Արցախն իր նորահայտ տաղանդներով, հրաշալի ձայներով և դասականությամբ կշարունակի հիացնել ու զարմացնել․․․

Դեռ անցյալ հոկտեմբերին դպրոցը դիմել էր Հայաստանի կառավարությանը՝ մշակութային հաստատության պահպանության խնդիրը բարձրացնելով։ Մինչ օրս ԿԳՄՍ-ն չի արձագանքել։

Բայց դպրոցի տնօրենը և ողջ համակազմը՝ ուսուցիչներն ու աշակերտները չեն նահանջում՝ ցանկացած գործընկերային, մասնագիտական ձեռքմեկնումը, նոր համերգային ծրագրով հանդես գալու հնարավորությունը սիրով օգտագործում են՝ հին օրերի կարոտով ի մի գալով և նոր համերգային ծրագրեր պատրաստելով․․․

Հունիսի 16-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները համերգային նոր ծրագրով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կամարների ներքո էին․․․

Սիրո, կարոտի, հուզիչ զգացականության հորդում էր բեմի վրա՝ Կոմիտասյան հրաշալի դահլիճի․․․

Արցախի տաղանդաշատ մանուկների ձայները, գործիքային հրաշալի կատարումները, հայրենականչի ու վերադարձի, նրանց նվիրումի մասին ձայնեղ վկայություններ էին․․․

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին 86-ամյա հարուստ ավանդույթները շարունակելու համար տեղուտարածք է պետք, օդուջրի պես է անհրաժեշտ․․․ Իսկ պետական ատյանները, ցավոք, չեն արձագանքում, ամեն դեպքում, մինչ այժմ անպատասխան է մնում տնօրենի դիմումը։

Շատ մեծ հույս ունենք, որ կգտնվեն հովանավորներ, ովքեր ձեռք կմեկնեն դպրոցին։ Տասնամյակների ավանդույթներով հայտնի՝ Կոմիտասի անունը կրող երաժշտական կրթօջախը պիտի ապրի ու շնչի իր բնականոն կյանքով․․․ Վստահաբա՛ր, պիտի գտնվեն հովանավորներ և դպրոցը պիտի շարունակի գործել, նոր ծրագրեր իրականացնելով Հայաստանում։

Արցախի կորստյան հետ անհաշտ լինելու պայմանները, բնականաբար, տարբեր են՝ զգացական-անձնական-ընտանեկան-ավանդական-տեղային դրսևորումներից մինչև պետական խորհրդանիշերի, պետական կառույցների և կառուցվածքների ամենօրյա ներկայության փաստումն ու փաստագրումը և՛ առօրյա կյանքում, և՛ բոլոր հարաբերություններում։

Այս համատեքստում է գործում և ըստ էության, իր առաքելությունն իրականացնում Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը։

Նա փորձում է բոլոր հնարավոր օղակներում, մարդկային միջավայրերում առկա պահել Արցախի հոգևոր- կրթամշակութային՝ իրեն վերապահված նշանային դաշտը՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը․․․
Արցախի Հանրապետության՝ երեք տասնամյակից ավելի՝ անկախ պետականության պայմաններում ապրելու, արարելու և բազում հաղթանակներ գրանցելու փաստերը պիտի ստիպեն և մղեն ամեն մեկիս արժանապատվության գերխիտ զգացումով, նպատակային և թիրախային գործելու։ Մնում է՝ ինչպես Վիլյամ Սարոյանը կասեր՝ «ցանկանալ ընել»։

Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո