ԱՆՆԱԽԱԴԵՊԸ
«… մի տվեք սրբությունը շներին եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: Մեր ունեցածը տվեցինք նրան։ Մեր ապագան, մեր լույս զավակներին վստահեցինք նրան եւ նա՝ ինչպես եւ ասված էր՝ տրորեց, ոտքի կոխան դարձրեց դրանք, շաղախեց ցեխի հետ»
Կհիշեք՝ ինչ անում էր Փաշինյանը, որպես աննախադեպ մի բան էր ներկայացնում։ Կամ չգիտեր, որ այն, ինչ անում է՝ իրենից առաջ եղել է, կամ այդպես ներկայացնելը ինքնասիրությունը շոյող թուլություն էր։ Պատճառներն արդեն կարեւոր չեն։ Շատ ավելի կարեւոր է, որ նա մեզ, իրոք, աննախադեպ վիճակների հասցրեց։ Աննախադեպ էր բանակցային գործընթացի նկատմամբ նրա ցուցաբերած անպատասխանատու վարքը։ Աննախադեպ էր պատերազմի ողջ ընթացքում տարածվող կազմակերպված ու անպատկերացնելի սուտը։ Աննախադեպ էր պարտությունը, եւ այս իրականությունն է աննախադեպ, որ եկավ ու պարուրեց մեզ։
Աննախադեպ էր դեկտեմբերի 19-ին՝ դեպի Եռաբլուր կազմակերպված սգո երթի անվան տակ՝ ուժի ցուցադրումը։ Իբր՝ 2018-ի սիրելի վարչապետը շարունակում է աջակցություն ու սեր վայելել։ Եւ հոգ չէ, որ զոհերն էին շահարկվում։
Աննախադեպ է մեղքի իր բաժինն իրենից առաջ եղածների ուսերին բարդելու նպատակով գրված՝ «44 -օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդված-արդարացումը։ Որտեղ նա չի գրում, որ տարիներ շարունակ եղել է «ոչ մի զիջում թշնամուն» տեսակետի առաջամարտիկ, որ մաքսիմալիստական ելույթներով եւ անհիմն խոստումներով ամբոխի համակրանքն է շահել ու այդպիսին մնացել իշխանության գալուց հետո։
Չի գրում, որ բանակցային գործընթացի նրբությունների մեջ խորանալու ունակություն չի ունեցել։ Բանակցողի կարողություններ չի ունեցել եւ չունի։ Չի գրում, որ կուրորեն շարունակել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ հարցը հնարավորինս ձգելու գիծը՝ չհասկանալով, որ վաղ թե ուշ այն պատերազմի էր հանգեցնելու։
Այսօր, արդեն փաստի առաջ կանգնած, փորձում է իր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դաշտ տեղափոխել Լեւոն Տեր-Պետոսյանին՝ չտեսնելու տալով նրա գրանցած հաջողությունները եւ նրա առաջարկած լուծումները, որոնք իր կարգի ու իր որակի մաքսիմալիստները, եթե ժամանակին՝ իշխանություն ձեռք քցելու մոլուցքով տարված՝ չմերժեին՝ մենք այսօր ապրելու էինք բոլորովին այլ Հայաստանում, բոլորովին այլ տարածաշրջանում եւ լուծելու էինք բոլորովին այլ խնդիրներ։
Մոռանում է, որ մենք լավ հիշողություն ունենք։ Հիշում ենք իր ելույթները, Քոչարյանի ու Սարգսյանի ելույթները, Տեր-Պետրոսյանի ելույթները։
Իր սեփական սխալները վերլուծելու եւ գնահատելու փոխարեն, այդ սխալների հետեւանքները մեղմելու տարբերակներ որոնելու փոխարեն՝ բանակցային պատմությունն է կեղծում։ Իշխանությունը չկորցնելու միջոցներ է փնտրում։ Սպասվող հնարավոր ընտրություններում առաջադրվելու ու հաջողություն գրանցելու հնարքներ է մտմտում։ Եւ ստում է ու ստում։
Եւ այս մարդուն մենք ենք բերել։
Հոգնած էինք հնից՝ պետք է մերժեինք։ Նրանք մեզ այլ ճանապարհ չէին թողել։ Զզված էինք հնի սանձարձակությունից՝ չմերժել չէինք կարող։ Եւ հայտնվեց նա՝ իր ամբոխահաճո ելույթներով, ոգեւորության ալիքին հեծած։ Տվեցինք նրան մեր ապագան վճռելու իրավունք։ Իսկ նա՝ փոքր լինելով հանդերձ՝ մեծ քայլերի ունակ չէր։ Սնապարծ լինելով հանդերձ՝ քաջ լինելու ունակ չէր։
Զգուշացված էինք, ասվել էր մեզ, շատ ժամանակ առաջ էր ասվել, սիրո մաքրագույն մի քարոզիչ էր ասել՝ մի տվեք սրբությունը շներին եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
Իսկ մենք կապեցինք նրա հետ մեր հույսերը, փռեցինք մեր մարգարիտները նրա ոտքերի տակ։ Մեր ունեցածը տվեցինք նրան։ Մեր ապագան, մեր լույս զավակներին վստահեցինք նրան եւ նա՝ ինչպես եւ ասված էր՝ տրորեց, ոտքի կոխան դարձրեց դրանք, շաղախեց ցեխի հետ։ Փշրեց մեր վաղը, նետեց մեզ մեր այսօրվա անհուսության գիրկը։ Մեր իղձերը, մեր որդիների դիակները, մեր արնոտած հայրենիքը, մեր որբացած մանուկներին, մեր աղավաղված ապագան մեզ է պարզել հիմա ու ասում է՝ ես մեղավոր չեմ, հանգամանքների բերումով էր, պետք է լիներ՝ եղավ։
Ասում է՝ ես սիրում եմ ձեզ, ես հպարտանում եմ ձեզանով, վստահեք ինձ եւ ես ձեզ նոր օր կբերեմ։ Ու կանգնած ենք մենք կարկամած՝ մեր գերիների վերադարձի սպասումով, մեր անթաղ որդիների դիակները գտնելու հույսով, մեր թաղված զավակների գերեզմանների մոտ, մեր արտասվող քույրերի ուսերը գրկած՝ անորոշ ապագային հանդիման՝ կանգնած ենք ու չգիտենք, թե ի՞նչ է լինելու։ Նայում ենք ոտքի կոխան դարձած մեր երազանքներին ու չենք հասկանում, թե ի՞նչ է ուզում մեզանից մեր ձեռքերի վրա իշխանական պալատներ մտած այս աղքատը։
Վարդան Հարությունյան` իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։