Փաշինյանը ամբողջովին բարոյազրկեց պետականություն հասկացությունը
Հայաստանի Հանրապետություն․ սահմանադրությամբ` ինքնիշխան, դե ֆակտո՝ կախյալ
Պատմականորեն Հայաստանը փոքր երկիր է՝ թե՛ աշխարհագրական, թե՛ աշխարհաքաղաքական իմաստով։ Համաշխարհային խաղատախտակում հայկական երկու պետականությունները ձևավորվել են այնպիսի տարածաշրջանում, ուր որոշակի ինքնուրույնությունն անթույլատրելի շռայլություն է։ Թեև հարկ է արձանագրել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իր կառավարման տասնամյակում հաջողվել էր գերտերությունների հետ հարաբերություններում որոշակի հավասարակշռության պահպանման հաշվին ժամանակ առ ժամանակ չնչին ինքնուրույնություն պահպանել։ Այդուհանդերձ, չնայած իր արտաքին քաղաքական ձեռքբերումներին, երրորդ նախագահը ակնհայտորեն չուներ ներքին հենարան։ Հենց այս է խորքային պատճառներից մեկը, թե ինչու 2008թ․ ի վեր Հայաստանում քաղաքական տևական անկայուն իրավիճակ հրահրելու օտարերկրյա հատուկ ծառայությունների փորձերը հաջողությամբ պսակվեցին 2018թ։ Երրորդ նախագահի գործունեության շրջանն այլ, առավել խորը ուսումնասիրություն է պահանջում, իսկ այս հոդվածում մենք կփորձենք վերլուծել ինքնուրույնության լիարժեք կորստյան պայմաններում Հայաստանի պետականության հետագա ճակատագրի հնարավոր սցենարները։
Իսկ այն, որ ՀՀ-ն լիարժեքորեն կորցրել է ինքնուրույնությունը, վկայում է Վաղարշակ Հարությունյանի՝ ռուսական РИА НОВОСТИ-ին տված հարցազրույցում հետևյալ միտքը․ «Ռուս սահմանապահներին վստահված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար»։ Այլ կերպ ասած՝ եթե նախկինում Հայաստանը կարողանում էր ապահովվել Ադրբեջանի հետ սահմանի գրեթե ամբողջ երկայնքի անվտանգությունն, ապա այժմ դա անհնար է դարձել․ իսկ երբ պետությունն ունակ չէ ապահովվելու իր պետական սահմանների զգալի մեծամասնության անվտանգությունը և այդ պատվիրակում է մեկ այլ պետության, պատվիրակողը վերածվում է լիարժեք կախյալ կարգավիճակով տարածքի։
Իշխանության զավթումից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացիորեն իմպոտենտ է դարձրել քաղաքական դաշտը։ Վերջինն այնքան է իր բնույթով հեղինակազրկվել հասարակության շրջանում, որ այսօր բարդ է գտնել գեթ մեկ քաղաքական գործիչ, որը վայելում է հանրության լայն վստահությունը։ Սրանով է պայմանավորված այն իրողությունը, որ նոյեմբերի 10-ից մինչ օրս Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում, թեև քաղաքական առումով նա ազդեցությունն այնքան էր նվազել այս ընթացքում, որ Հայաստանում իշխանափոխությունը, վերոնշյալ վստահելիության մակարդակի առկայության պարագայում, օրերի հարց էր։
Փաշինյանի անփառունակ գերագույն հրամանատարությամբ տանուլ տված Արցախյան երրորդ պատերազմով տարածաշրջանը վերջին երկու հարյուրամյակներում հերթական անգամ վերածվեց ռուս-թուրքական ազդեցության գոտիի։ Ընդունենք դա մեր ընկալման մեջ, թե ոչ, փաստն այն է, որ Արցախն այս պահին կիսված է․ մի մասը ռուս խաղաղապահների տեղակայմամբ, ըստ երևույթին, ռուսական ազդեցության գոտիում է, մյուս մասը, այն է՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Քաշաթաղի, Հադրութի, Քարվաճառի շրջանները, Աղդամը, Շուշին, Մեխակավանն ու Հորադիսը փաստացի թուրքական ազդեցության շրջանակում են։ Նկատի առնելով պատերազմին մասնակցելու նպատակով Թուրքիայով Ադրբեջան տեղափոխված իսլամիստ ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի կողմից օկուպացված այդ տարածքներում՝ կարող ենք արձանագրել, որ այդ տարածքներն ապագայում դիտարկվելու են որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք՝ ուղղված բնականաբար Իրանի և Ռուսաստանի դեմ։
Սա առավել, քան իրական սցենար է, և հենց այս հանգամանքից է բխում ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հայտարարությունը, թե հնարավոր է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբաշխում արևելքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Ըստ էության, ինչպես վերևում արդեն նշել ենք դա կախյալ կարգավիճակի է հանգեցնելու։ Այդպիսի իրավիճակում, իհարկե, «պրոտեկտորի» մանդատին տիրապետող գերտերության համար բացարձակ նշանակություն չունի, թե ո՞վ է կախյալ երկրում իրականացնում ղեկավարի պարտականությունները, քանի որ այսպես թե այնպես տվյալ անձը կամակատար է լինելու։
Վատագույն սցենարի հավանականությունը շատերի մոտ վստահաբար հարց է առաջացնում առավել լավ սցենարի ռեալիզացման հնարավորության մասով․ հնարավո՞ր է արդյոք ներքաղաքական պայքարի արդյունքում Հայաստանում իշխանափոխություն և իրավիճակի փոփոխություն 180 աստիճանով։
Հարցին պատասխանելու համար պետք է դիտարկել ոչ միայն ներքին քաղաքական գործոնները, այլև արտաքին փոխհարաբերությունները և դրանց արդյունքում ձևավորվող իրողությունները։ Այսպես, որո՞նք են ներքին գործոններին։ Հայաստանի պարագայում առավել նշանակալի են՝ բնակչության սոցիալական վիճակը, տնտեսության աճի և կամ անկումային ցուցանիշները, ՏԻՄ ընտրությունները (ակնհայտ է, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունները քննարկման դրված չեն, ուստի ներկա իրավիճակով դրանք որպես գործոն դեռևս վաղ է գնահատելու)։ Նշյալ գործոնները, այնուամենայնիվ, տևական գործընթացի մաս են, մինչդեռ վերջին պատերազմից հետո մեր տարածաշրջանը այժմ նման է տեկտոնասֆերայում շարժումների հետևանքով դրա զանգվածների անկայուն տեղաբաշխման պրոցեսին, այլ կերպ ասած՝ պատերազմի ցնցմանը հնարավոր է հետևեն նոր ցնցումներ․ այդ իրադրությունը չի կարող ապահովվել կայուն ներքաղաքական գործընթաց անցնցում իշխանափոխության համար։
Խոսելով արտաքին գործոններից՝ առաջին հերթին պետք է առանձնացնենք ռուս-թուրքական հարաբերությունները։ Մեր տարածաշրջանը Պետրոս Մեծի առաջին արշավանքից հետո մշտապես եղել է ռուս-թուրքական ազդեցության գոտիում։ Թեև այժմ Էրդողանի ծավալապաշտական նկրտումները, ի տարբերություն միջնադարյան Օսմանյան կայսրության նկրտումների, ուղղված են ոչ այնքան դեպի Արևմուտք, այլ արևելյան ուղղությամբ են, հետևաբար՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության ծիրում։ Այստեղ հարկ է հաշվի առնել նաև Արևմուտքի համար կարևոր էներգետիկ անվտանգության խնդիրը։ Չէ ո՞ր Ադրբեջանով և Թուրքիայի տարածքով է անցնում ռուսական էներգետիկ կախվածությունըեվրոպական շուկայում թուլացնելու այլընտրանքային միջոցը։
Այստեղ, ի դեպ, մի փոքր հետհայաց նետենք Հայաստանի ներքաղաքական դաշտ։ Պատերազմին նախորդող ամիսներին էր, որ ակներևաբար արևմտյան կողմնորոշում ունեցող Արման Բաբաջանյանը խոսեց Հայաստանի կողմից նավթամուղի անվտանգությունը երաշխավորելու մասին։ Իսկ ռուսաստանահայ մեդիամագնատ Աշոտ Գաբրիելյանովն էլ այս օրերին բացահայտեց մեկ ամիս առաջ Մոսկվայում իր և ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի առանձնազրույցից որոշ մանրամասներ՝ Իսկանդերը պատերազմի օրերին կիրառելու վերաբերյալ։ Ըստ Գաբրիելյանովի՝ գեներալ Գասպարյանը պատրաստակամ էր պատերազմի երրորդ օրը Բաքու-Ջեհրան նավթամուղի ուղղությամբ զենքը կիրառելու, սակայն դա նրան թույլ չի տվել վարչապետ Փաշինյանը։ Նկատի առնելով հայաստանյան ներկա քաղաքական իշխանության կարկառուն ներկայացուցիչների երբեմնի վառ արտահայտված հակառուսական դիրքորոշումները, ապա պարզ է դառնում, թե ներկայիս կառավարությունը ո՞ր կողմի շահերն է սպասարկում։
Ինչևէ, վերադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, արձանագրենք, որ դրանք բավականին լարված են ողջ Մերձավոր/Միջին Արևելքի տարածքում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում (թյուրքական համարվող Ղազախստանում, օրինակ, վերջին շրջանում ակտիվացել են հակառուսական ուժերը)։ Հատկապես՝ Սիրիայում և Լիբիայում այս երկու երկրների միջև փաստացի հիբրիդային պատերազմ է, և ամենայն հավանականությամբ որոշակի ժամանակ անց այն կտեղափոխվի նաև մեր տարածաշրջան՝ Արցախի տարածք։
Այդպիսով, Հայաստանում այժմ կա պետական շահերին հակառակ գործող քաղաքական իշխանություն և հանրային անտարբերության պայմաններում քաղաքական պայքարի միջոցով իշխանափոխության ձգտող ընդդիմություն։ Փաստացի կորսված ինքնիշխանության, քանդված պետության և կործանվող պետականության պայմաններում կախյալ կարգավիճակի առկայությամբ Հայաստանի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ապագան խիստ հարցականի տակ է։
Գուրգեն Մխիթարյան
26.02.2021