Վարչապետական ցուգցվանգ

Գրոսմայստեր Արոնյանը վարչապետի իրավիճակը շախմատային տերմինաբանությամբ կբնութագրեր որպես վերջինիս համար ցուգցվանգ։ Ո՞ր քայլին էլ դիմի ՀՀ ներկայիս ղեկավարը, այդ քայլն իր համար ճակատագրական է լինելու։

Քաղաքական իշխանության պրոպագանդան Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանը լքելու և այսուհետ ԱՄՆ-ի հավաքականը ներկայացնելու մասին հանգամանալից գրառմանն ի պատասխան՝ դիմեց էժանագին միջոցների։ Ֆեյքերի բանակն ու իշխանական աջակիցների օրեցօր փոքրացող կղզյակը օբյեկտիվորեն իշխանությունից վրդովված Արոնյանին, բացի վիրավորանքներ ուղղելուց, այլ պատճառ չկարողացան գտնել։ Ընդհանրապես, դեռևս 2018 թվականի դեկտեմբերին լեգիտիմության խիստ բարձր տոկոս ունեցող վարչապետից, հատկապես՝ պատերազմում խայտառակ պարտությունից հետո, վրդովվածների թիվը միայն աճում է։ Հերթական հարցազրույցում հնչեցրած անգրագետ միտքը (որից պարզ դարձավ՝ ինքն իրեն գերագույն հրամանատար կոչող վարչապետը ռազմական ոլորտից ունի ԶՐՈ գիտելիք) այս անգամ լցրեց, առանց այդ էլ քաղաքական պրոցեսին խառնվելու փորձերը մերժող, զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարական կազմի համբերությունը։ Արդյունքում ԳՇ-ն համալրեց վարչապետի հրաժարականը պահանջողների ցանկը։

Իրավիճակը վարչապետի համար այնպիսին է, որ միակ ռացիոնալ որոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն էր։ Այդ մասին դիվանագիտորեն նրան հասկացրել էին նաև Կրեմլից։ Սակայն վարչապետն ընտրեց իր համար փակուղային ճանապարհ։ Որոշեց՝ իր կողմնակիցներին փողոց հանելու միջոցով ճնշում գործադրել նախագահի ինստիտուտի վրա՝ վերջինիս հարկադրելու ստորագրել ԳՇ պետի ազատման միջորդությունը, ինչը նախագահն առաջին դիմումից ետ ուղարկեց՝ վկայակոչելով դրա հակասահմանադրականությունը։ Գրոսմայստեր Արոնյանը վարչապետի իրավիճակը շախմատային տերմինաբանությամբ կբնութագրեր որպես վերջինիս համար ցուգցվանգ։

Ո՞ր քայլին էլ դիմի ՀՀ ներկայիս ղեկավարը, այդ քայլն իր համար ճակատագրական է լինելու։ Իսկ որո՞նք են հնարավոր քայլերը։ Հանրահավաքների կազմակերպումն, օրինակ, խոսում է քաղաքացիական բախումներ հրահրելու պատրաստակամության մասին։ Սակայն ներկա իրադրությունում բախումը շատ արագ բերելու է հեղաշրջման։ Արտահերթ ընտրությունների ուղին վարչապետի փրկօղակն էր, քանի որ դրանց անցկացման պարագայում վարչապետի գլխավորած քաղաքական ուժի ոչ վերարտադրման, սակայն խորհրդարանում որոշակի ներկայացվածություն կապահովվեր։ Իսկ քաղաքական դաշտում գործող ուժերի հանդեպ հանրության ստվար զանգվածի անվստահելիությունը ենթադրում է, որ վարչապետի կուսակցությունը կունենար ամենաշատ մանդատները (թեև ոչ բացարձակ մեծամասնությամբ):

Երրորդ ճանապարհը հրաժարական ներկայացնելն էր։ Վստահաբար նրա հրաժարականը պահանջող ուժերը պայման կառաջադրեն այս դեպքում՝ հրաժարականից հետո քաղաքական գործունեությամբ չզբաղվելու։ Քաղաքական գործչի իր կերպարի հոգեկերտվածքը թույլ է տալիս ենթադրելու, որ այս ճանապարհն ի սկզբանե չի դիտարկվել վարչապետի կողմից։

Այդպիսով, վերհիշելով վարչապետի խոսքերը, կարող ենք արձանագրել, որ նա իրավիճակին չի տիրապետում, և յուրաքանչյուր հաջորդ քայլ՝ ավելի է արագացնելու քաղաքականությունից նրան գահընկեց անելու գործընթացը։ Այսպիսի ցուգցվանգային իրադրության մեջ էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թեև նա նախընտրեց իշխանությունը պահելու գնով չգնալ քաղաքական իրավիճակի սրման։ Այլ կերպ ասած՝ երրորդ նախագահը հստակ գիտակցում էր մարտի մեկի դեպքերի կրկնության հետևանքները։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ 2018թ. Հայաստանը պատերազմ պարտված և Արցախ կորցրած պետություն չէր՝ կոլապսի վտանգի առջև կանգնած տնտեսությամբ։

Գուրգեն Մխիթարյան

1 մարտ, 2021թ․