Բաբուխանյանը սեղմեց այն հոգեւորականի ձեռքն, ով օդում էր թողել Փաշինյանի ձեռքը. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է.

««Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ այս օրերին գտնվում է Սիսիանում, որտեղ բացվել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակը, որը կգործի շարժմանը միացած «Ազգի ձայն» կուսակցության տանիքի ներքո:

Գրասենյակի բացման եւ սիսիանցիների հետ հանդիպումից հետո` ՍԻՄ կուսակցության նախագահն այցելել է Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ հանդիպել եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՊԱՐԳԵՎ քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ, ով հանրության շրջանում առավել հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հիշեցնենք, որ հոգեւորականը չէր ողջունել եւ օդում էր թողել կապիտուլյանտի ձեռքը:

Հանդիպման ժամանակ Տեր Պարգեւը խոսեց Սիսիանում առկա խնդիրների մասին, իսկ Հ. Բաբուխանյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակից դուրս գալու տեսլականը` մասնավորապես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման նպատակներն ու առաջիկա անելիքները: Ստանալով հոգեւորականի օրհնությունը`  հանդիպման ավարտին ՍԻՄ կուսակցության նախագահը մոմ վառեց եկեղեցում` ի հիշատակ մեր անմահացած հերոսների եւ խաղաղություն հայցեց Աստծուց` մեր երկրի համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ»