Այլ կերպ ասած՝ թուրքերի հետ խաղաղ ապրելու այլընտրանքը ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները զոհաբերելն է․ Արմեն Մխիթարյան

 

Միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ըստ էության, ադրբեջանական հայատյացության ֆոնին խաղաղ համակեցության գաղափարի ջատագովների պատկերացմամբ թուրք-ադրբեջանական շրջափակումից դուրս գալու այլընտրանքը Հայաստանում Ռուսաստանի հանդեպ ատելության մթնոլորտի ձևավորումն է։ Այլ կերպ ասած՝ թուրքերի հետ խաղաղ ապրելու այլընտրանքը ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները զոհաբերելն է։ Այն, որ Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները թարմացման կարիք ունեն, դա փաստ է։

Մոսկվայում և մերձկրեմլյան տարբեր շրջանակներում թուրք-ադրբեջանական լոբբինգի ու հայաստանյան անհեռատես ու մանկամիտ քաղաքականության ջանքերով Հայաստանին որպես գործոն առանձնապես չեն էլ ընկալում։ Հայաստանում էլ առանձնապես չեն հետևում ռուսական դաշտում տեղաշարժերին, առավելագույն արվողը՝ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից մերձսոլովյովյան քաղաքագետների մտքերի հայերեն թարգմանությունն ու տարածումն է»։