Շատերը, ջուրը չտեսած, արդեն բոբիկացել են. Սամվել Նիկոյան

Iravunk.com-ը գրում է.

«Հայաստանում ներքաղաքական ապակայունացումը եւ առաջիկա գործընթացների անորոշությունը շարունակվում է նոր թափով: Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ուժերից շատերն արդեն իսկ հայտարարել են առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության մասին, ընդ որում` առանձին: Փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները կամաց-կամաց վերածվում են ընտրազանգվածի եւ պատգամավորի թեկնածուների: Ստեղծված իրավիճակի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ԱԶԳԱԴԱՎ ՍՐԻԿԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼ ԻՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Պարոն Նիկոյան, ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ նախընտրական եռուզեռի մեջ են, եւ, ըստ էության, փողոցային պայքարն ընդդեմ օրվա իշխանության տապալված է: Ինչպե՞ս եք տեսնում ելքը, եթե չգնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

– Նախ` փողոցում իրականացվող ամբողջ գործընթացը եկեք չհամարենք տապալված, որովհետեւ այսօր եթե կա արտահերթ ընտրությունների գաղափար, նշանակում է փողոցային այդ գործողություններն են ստիպել, որ ազգադավ վարչախումբը գնա արտահերթ ընտրությունների: Ակնհայտ է, որ կոնկրետ Հանրապետական կուսակցության նպատակն է երբեւէ ազգադավ իշխանության կառավարմամբ չգնալ ընտրությունների, այլ առաջնորդվել այն մեխանիզմով ինչ որ հայտարարվել էր: Այսինքն` հասարակությանը նախապատրաստել ընտրությունների հանգիստ իրավիճակում, այս ատելության եւ էմոցիոնալ ֆոնից դուրս, որպեսզի քաղաքացին կարողանա ոչ թե քվեարկել, այլ` ընտրել: Մեր պայքարը սրա մասին էր: Բայց, փաստորեն, գրեթե բոլորն արդեն պատրաստվում են մտնել նախընտրական ժամանակահատվածի մեջ եւ գնալ ընտրությունների: Բոլորը` բացի մեզնից, որովհետեւ գտնում ենք, որ ազգադավ սրիկան ուզում է ընտրություններով լեգիտիմացնել իր դավաճանությունը: Այն է` ստանալ քաղաքացիների ինչ-որ տոկոս եւ հայտարարել, որ «եթե ես դավաճան եմ, ապա այսքան տոկոսն էլ է դավաճան, իսկ եթե ժողովրդին չի կարելի ասել դավաճան, ուրեմն` ես էլ դավաճան չեմ»: Նիկոլի խնդիրն է «դավաճանություն» բառն իր վրայից հանել` դավաճանության մասնակից դարձնելով իրեն ընտրողներին: Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ չպետք է այդ հնարավորությունը տալ իրեն, եւ մինչեւ հիմա մեր մոտեցումն այդպիսին է: Անհասկանալի է, որ այսօր շատ-շատերը, ջուրը չտեսած, արդեն բոբիկացել են: Մինչդեռ Նիկոլը շարքային ստախոս է, նա կարող է ամեն վայրկյան խաբել եւ անհեթեթ վիճակի մեջ դնել այն մարդկանց, ովքեր պատրասվում են այդ ընտրություններին:

– Ձեր գնահատմամբ` ի՞նչն էր պատճառը, որ անգամ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ուժերից ոմանք շտապեցին հայտնել ընտրություններին իրենց մասնակցության մասին: Սա քաղաքական ամբիցիաների՞, թե՞ միամտության խնդիր է:

– Չեմ ուզում որեւէ որակավորում տալ որեւիցե քաղաքական ուժի, որովհետեւ, ամեն դեպքում, այս վերջին ամիսներին մենք փորձել ենք միասին ինչ-որ խնդիրներ լուծել ու գնացել ենք նույն ճանապարհով: Թե որքանով է յուրաքանչյուր քաղաքական ուժ ամբողջությամբ ներդրվել այդ գործընթացի մեջ, դրա գնահատականը կտա ապագան: Համենայնդեպս, Հանրապետականը եղել է ազնիվ թե՛ երեք տարի առաջ այս օրերին եւ թե՛ այսօր: Հանրապետականը մտածել է պետության եւ ազգի ընդհանրական շահերի մասին, զգուշացրել է այն, ինչ հնարավոր է տեղի ունենա, եթե այսպես շարունակվի: Ցավոք, երեք տարի առաջ մենք մենակ էինք, բոլորը մեր դեմ էին, բայց մեր ստրատեգիական ազգային գծից երբեք չենք շեղվել եւ որպես հասուն քաղաքական ուժ` մեր ազգին բոլոր մեր մտահոգությունների մասին հստակ հայտարարել ենք: Եվ հիմա էլ հայտնում ենք մեր դիրքորոշումը` եթե այս դավաճանի ղեկավարությամբ գնան ընտրության, ապա նա կկեղծի, ինչպես ամեն ինչ է կեղծել այս երեք տարվա ընթացքում` ընդհուպ պատերազմն է կեղծել:

«ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ՍՐԻԿԱՆ»

– ՀՀ երկրորդ նախագահը նույնպես պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ինչպես ինքն ասաց` երկու կուսակցությունով: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններով իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը:

– Ճիշտն ասած, չեմ կարծում, որ որեւիցե ուժ միայնակ կարող է 50+ ձայն ունենալ եւ ձեւավորել խորհրդարանում մեծամասնություն: Բայց ընտրություններից հետո հնարավոր քաղաքական կոալիցիաների արդյունքում միգուցե հնարավոր լինի:

– Ի դեպ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ ընտրությունների նախաշեմին չի սատարելու որեւէ ուժի` լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միքայել Մինասյանն ազատ է իր տեսակետն արտահայտել` իր համախոհների հետ միասին: Նա ունի համախոհների մեծ բանակ, ինչն ակնհայտ է, եւ ես ողջունում եմ իր հայտարարությունը, որ չի սատարելու որեւէ մեկին, այլ եթե որոշի մասնակցել ընտրական եւ քաղաքական գործընթացներին, ապա անելու է իր դեմքով:

– Հանրապետականն ասում է, որ քաղաքական խրամատ լքող չէ, կուսակցության ձայնը եղել է հնչեղ ու այդպես էլ մնալու է: Այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում առաջիկա հնարավոր ընտրական պրոցեսներին ՀՀԿ-ի չմասնակցելը:

– Բոլոր քաղաքական ուժերը, չգիտես ինչու, միաձայն այն միտքն են շրջանառում, թե Հանրապետականը չի մասնակցելու ընտրական գործընթացներին: Բայց ՀՀԿ-ն ընտրական պրոցեսներին մասնակցելու վերաբերյալ որոշում չունի, քանի որ նման քննարկման եւ որոշում ընդունելու անհրաժեշտություն դեռեւս չի եղել: Մեր գլխավոր ռազմավարական խնդիրը մնում է թույլ չտալ, որ վերարտադրվի սրիկան, իսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի, որ մասնակցենք ընտրություններին (եթե այն արդեն փաստ դառնա), իմ կարծիքով` այո՛, Հանրապետականը պետք է նաեւ մասնակցի:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, Ե՛Վ ԱՆՁԵՐԻ, Ե՛Վ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԱՍԻՆ ԱՅԴՔԱՆ ՎԱՏ ՉՄՏԱԾԵԼ»

– Ըստ Ձեզ` որեւէ պարագայում ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը կմրցակցե՞ն մեկ ընտրության շրջանակում:

– Նախընտրական շրջանն ընդհանուր առմամբ նույնիսկ մեր նորանկախ պետության պատմության մեջ հետեւյալն է` բոլորը մեծ հաշվով բոլորի մրցակիցներն են: Իսկ ընտրություններից հետո արդեն հնարավոր են համագործակցության տարբեր ձեւաչափեր: Սա ընտրական գործընթացի առանձնահատկությունն է: Իհարկե, ընտրություններին գնում են նախընտրական դաշինքով կամ առանձին` հետագայում պառլամենտում համագործակցելու հնարավորությունով:

– Բացառո՞ւմ եք, որ այն քաղաքական ուժերը, ովքեր երեկ փողոցում «Նիկո՛լ, դավաճան» էին գոռում, վաղը եթե հայտնվեն խորհրդարանում, կարող են կոալիցիա կազմել այս իշխանության հետ:

– Ուզում եմ, ամեն դեպքում, ե՛ւ անձերի, ե՛ւ քաղաքական դաշտի մասին այդքան վատ չմտածել: Իհարկե, շատ բաների ենք ականատես եղել, բայց եթե որեւիցե քաղաքական ուժ հայտարարում է, որ Նիկոլն ազգադավ է, մեր պետության թշնամի է, նրա ղեկավարմամբ` Հայաստանն ապագա չունի, եւ վայրկյան իսկ շուտ պետք է ազատվել նրանից, իսկ հետո փորձում է նրա հետ համագործակցել` բերելով իշխանության, ապա մենք նրանց դիտարկելու ենք` որպես ավելի դավաճան, քանի որ սա կնշանակի, որ ամբողջ այս ժամանակահատվածում համագործակցել է Նիկոլի հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ»