«168 ժամ»․ Պատերազմը ցույց տվեց, որ հասարակության համար անգամ մարդկային կյանքերն ու հայրենիքի կորուստը կարմիր գծեր չեն
«168 ժամ»-ը գրում է.
«Կառուցողականության, կոնսենսուսի պատրաստակամության ու հարմարվողականության միջև կա սկզբունքային տարբերություն։ Կոնսենսուսի դեպքում ոչ միայն չի բացառվում, այլև պարտադիր է համարվում սահմանային վիճակների, կարմիր գծերի առկայությունը։
Պատերազմն ու խայտառակ պարտությունը ցույց տվեցին, որ մեր հասարակության համար անգամ մարդկային հազարավոր կյանքերն ու հայրենիքի կորուստը կարմիր գծեր չեն, եթե դրանք չեն վնասում դրա առանձին անդամների ֆիզիկական գոյությանն ու հարաբերական կուշտ վիճակին։
Ալիևն ու նրա մոդերատորները տեսնում են, որ անգամ աղետաբեր պատերազմից հետո Հայաստանում իշխանության են մարդիկ, ովքեր պատրաստ են ամենաստորացուցիչ պայմաններով խաղաղության՝ հանուն իրենց իշխանության պահպանման և ինչ-ինչ տնտեսական հեռանկարների։ Նրանք տեսնում են ոչ միայն այդ հայտարարություն անողներին, այլ այդ հայտարարությունները հեզաբար լսողներին ու մատուցվող հեռանկարներից թաքուն սեփական հաշվարկներ կատարողներին։ Ալիևը տեսնում է, որ իրենց Երևանում սպասողներ կան, և մտածում է «առանց տանկերի» Երևան գալու մասին։
Նրան ու կնոջը մի անգամ առանց տանկերի հրավիրել են Շուշի, ինքն այնտեղ է հասել տանկերով։ Երևան այցելության հրավերի բացակայության պայմաններում նա խոսում է «առանց տանկերի» այցի մասին՝ գուցե ակնկալելով, որ ճիշտ պահին Հայաստանից կհնչի նաև այդպիսի հրավեր։
Խնդիրը, սակայն, նույնիսկ դա չէ, այլ այն, որ հայ հասարակությունն անգամ Ալիևի երևանյան այցին կվերաբերվի հարմարվողականությամբ կամ անտարբերությամբ՝ գուցե թաքուն հրճվանք ապրելով, որ այդ առթիվ մի քանի փողոց կարող է ասֆալտապատվել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
