ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար

Armeniasputnik.am-ը գրում է.

«Արդեն մայիսին Հայաստան կժամանեն 4 նոր լոկոմոտիվներ և 27 վագոն։ Հանրապետությունում գործող կազմերը գրեթե ամբողջությամբ կթարմացվեն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» 2021 թվականին կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները։ Տեղեկությունն ԱԺ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՝ ներկայացնելով 2020 թվականի կառավարության աշխատանքի հաշվետվությունը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն համաձայնագրի շրջանակում, որ այս տարվա 39 մլրդ դրամ կփոխանցվի ներդրումային ծրագրից: Այդ միջոցներով գնվելու են չորս լոկոմոտիվներ և 27 վագոն։

Այսպիսով, երկաթուղու լոկոմոտիվային պարկն ամբողջությամբ կթարմացվի:

Նոր տեխնիկան Հայաստան կժամանի արդեն մայիսին։ Պապիկյանի տեղակալներից մեկն արդեն եղել է ռուսական գործարաններում, որտեղ արտադրվում է այդ տեխնիկան և  ծանոթացել է դրանց որակին։

«Բացի այդ, երկաթուղին պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ վերանորոգումներ իրականացնել գործող բոլոր ուղևորակայաններում», — հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցեսիայով կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:»