«Գեղանկարչությունը բեմում» ցուցահանդեսին ներկայացվեցին ռուս անվանի հեղինակների թատերական էսքիզները

 

«Գեղանկարչությունը բեմում»  ցուցահանդեսում ընդգրկված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչների տասներեք թատերական էսքիզ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին Ռուսական արվեստի թանգարանում:

 

 

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասաց, որ ցուցահանդեսը յուրահատուկ է, քանի որ թանգարանն իր առջև խնդիր է դրել համագործակցել թե՛ ռուսական, թե՛ այլ լավագույն թանգարանների հետ և «Գեղանկարչությունը բեմում» ցուցադրությունը դրա լավագույն ապացույցն է: «2021-ը կարևոր և հոբելյանական է  ինձ համար, քանի որ լրանում է իմ՝ տնօրենի պարտավորություններն իրականացնելու 5-րդ տարին: Երբ թերթում եմ այն ռազմավարական ծրագիրը, որը գրել էի թանգարանի համար, տեսնում եմ, որ այն 80 տոկոսով կյանքի է կոչվել»,-շեշտեց նա ու հավելեց, որ նշանակալի է թանգարանի ցուցահանդեսային գործունեությունը:

Մկրտչյանի խոսքով՝ վերջապես թանգարանը կարողանում է միջազգային ցուցահանդեսային պահանջներին համապատասխան նոր միջավայր ձևավորել, նոր ասելիքով, նոր լուծումներով ներկայանալ:

 

Տնօրենը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը ձևավորել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ընդգծեց, որ մեր օրերում թանգարանների լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ շատ ցուցանմուշներ երկար տարիներ մնում են պահոցներում և քիչ են ցուցադրվում: Նա նշեց, որ այդպիսիք են նաև ներկայացված աշխատանքները, որոնք պետք է ոչ միայն դիտարկել որպես բեմանկարչական էսքիզներ, այլև արվեստի ավարտուն գործեր:

Ցուցահանդեսի համադրող Աննա Միքայելյանն էլ շեշտեց, որ 20-րդ դարում թատրոններ են եկել այնպիսի առաջադեմ ռեժիսորներ, որոնք հասկացել են բեմանկարչության կարևորությունը և թատրոններ են հրավիրել լավագույն նկարիչներին: Համադրողի խոսքով՝ այդ ժամանակ ձևավորվել է թատերական նկարչի բոլորովին նոր տեսակը, որն ուներ չորս կարևոր որակ՝ գեղանկարչի տաղանդ, պրոֆեսիոնալիզմ, բարձր ինտելեկտ և ինտելիգենտություն:

 

 

«Գեղանկարչությունը բեմում»  ցուցադրությանը տեղ են գտել նկարիչներ Ա.  Բենուայի, Ն.  Բենուայի, Ա. Գոլովինի, Ն. Ռերիխի, Ս. Սուդեյկինի, Ն. Սապունովի, Վ.  Շուխաևի, Վ.  Շուխաևայի աշխատանքները: Վերջիններս, լինելով գրաֆիկայի, բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի վարպետներ,  նաև թատրոնի տաղանդավոր նկարիչներ էին, որոնք նոր մակարդակի  բարձրացրին թատերական և դեկորատիվ արվեստը:

 

Ցուցադրության գիտատեղեկատու ապարատում լայնորեն օգտագործվել  են գրական նյութեր գեղանկարիչների ինքնակենսագրական գրառումներից և օրագրերից, իսկ Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի տրամադրած   փաստավավերագրական (ֆոտո) նյութերն  առավել խորն   են բացահայտում վերը նշված դարաշրջանի  թատերարվեստը:

Ցուցահանդեսն իրականացրեց Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ համագործակցելով: