Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել 6 ամիս առաջ, եւ նա շարունակում է մնալ Իսրայելում ՀՀ դեսպան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է.

«Չնայած Արմեն Սմբատյանին Հայաստանի քննչական կոմիտեն որպես մեղադրյալ է ներգրավել առերեւույթ կոռուպցիոն գործով, սակայն այս ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունները չեն նախաձեռնել նրա՝ որպես դեսպանի, լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու կամ վաղաժամկետ հետ կանչելու գործընթաց։

Նկատենք՝ քննչական կոմիտեն այսօր պաշտոնապես հայտարարել էր, որ Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով, սակայն մեղսագրված մեղադրանքները վերաբերում են ոչ թե նրա՝ որպես դեսպանի ծավալած գործունեությանը,այլ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահի պարտականությունների կատարմանը, որի ժամանակ, իբր, օժանդակել է մշակույթի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին, զբաղվել փողերի լվացմամբ։

Առերեւույթ չարաշահումները կատարվել են 13 տարի առաջ, իսկ Ա.Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել 2020 թվականի մարտին։ Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեն պաշտոնապես ընդգծել է Արմեն Սմբատյանի ներկայիս զբաղեցրած պաշտոնը՝ նշելով, որ կոռուպցիոն գործով մեղադրանք է առաջադրվել հայ դիվանագետին՝ Իսրայելում մեր դեսպանին, թեեւ մեղադրանքը կապված չէ նրա դիվանագիտական առաքելության հետ, «Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ ճշտել, թե արդյոք նա հետ կկանչվի, սակայն ԱԳՆ խոսնակը ձեռնպահ մնաց մեկնաբանությունից։

«Դեսպանների նշանակումն ու հետ կանչումը՝ քանի դեռ չկա նախագահի համապատասխան հրամանը, մենք չենք մեկնաբանում»,- ասաց նա։

Ինքը՝ Արմեն Սմբատյանը 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է Երեւանում. Պատերազմի հետեւանքով նա հետ է կանչվել խորհրդակցությունների համար։

«Այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով ստեղծված իրավիճակից`

Արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին»,- 2020 թվականի հոկտեմբերի մեկին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՀՀ ՔԿ-ի այսօրվա հաղորդագրությամբ պաշտոնական Երեւանը փաստացի հայտարարեց, որ ծանր հանցանք մեղսագրվող անձին Իսրայելում շարունակում է համարել իր դեսպանը։

Հավելենք, որ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը Սմբատյանին առաջադրված մեղադրանքը որակել են անհեթեթ, իսկ հետապնդումը՝ ապօրինի։ Դիվանագիտական կորպուսին, դեսպանի հեղինակությանը հասցված հարվածն ակներեւ է։»