Ինչպես էր անգլիացի հյուպատոս Մ. Ուիլիամը օգնում թուրքերին Վանի կռվի և կոտորածների ժամանակ

168.am-ը գրում է.

«19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքերը հայկական տարբեր քաղաքներում, գյուղերում և բնակավայրերում իրականացրեցին կոտորածներ։ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ և հետո թուրքերը վայրագություններ ու կոտորածներ էին իրականացնում առանձին քաղաքներում և բնակավայրերում։ Շուշիի, Նախիջևանի կոտորածները դրա վառ ապացույցն են։ Հայերի նկատմամբ թուրքական արյունալի քաղաքականությունից չկարողացավ վրիպել նաև Վան քաղաքը։ 1896 թվականի հունիսին սկսվեց քաղաքի հայ բնակչության կոտորածը։ Վանի կոտորածների պատմությունն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ այստեղ ևս թուրքերն իրենց վայրագություններն իրականացնում էին օտարերկրացի հյուպատոսների աչքի առաջ, իսկ շատ դեպքերում մի շարք երկրների հյուպատոսներ   հենց իրենք էին օգնում, որ թուրքերը կազմակերպեն իրենց ոճրագործությունը։

Մասնավորապես, Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» աշխատության մեջ բացառիկ մանրամասների ենք հանդիպում, թե ինչո՞վ էին զբաղված օտարերկրացի հյուպատոսներն ու պաշտոնյաները Վանի կոտորածի օրերին.

«Անզեն մարդկանց, կանանց ու երեխաների մի մասը պատսպարվեց օտարերկրյա հյուպատոսարաններում։ ԱՄՆ-ի հյուպատոս, Վանի հնություններն ուսումնասիրող Ռեյնոլդսը, որը շուրջ քառորդ դար միսիոներական նպատակով Վանում էր, սկզբում նրանց թույլատրեց հանգրվանել հյուպատոսարանում, իսկ հետո մեծ մասին հանձնեց թուրքերին, որոնք տեղն ու տեղը սպանում էին խեղճերին։ Իսկ իրենց տունն ու պատիվը պաշտպանող հայերին Ռեյնոլդսը հորդորում էր զենքը վայր դնել և մարտիկների մեջ իր ծանոթ մի երիտասարդի տեսնելով ասում է. «Քեզ խորհուրդ կտամ, որ զենքդ վար դնես և Հիսուս Քրիստոսին ապավինիս, եթե քուրդ սպանես, թե՛ քեզ, թե՛ հոգիիդ և թե՛ մանավանդ քուրդին վնաս է»։ Այսպիսին էր հզոր երկրի քրիստոնյա քարոզիչ հյուպատոսի բարոյականությունը»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 26):

Թշնամու մեծաքանակ զորքին ուժգին դիմադրություն են ցույց տալիս վանեցիները։ Նրանք տեղում ինքնապաշտպանություն են կազմակերպում։ Արդեն իսկ հունիսի 8-ին տեղի է ունենում ամենակատաղի մարտը։ Թուրք-քրդական զորքերին կանգնեցնելով՝ հակահարձակման են անցնում վանեցիները։ Այս տեսնելով՝ թուրքերը օտարերկրացի հյուպատոսների օգնությամբ փորձում են իրականացնել իրենց հերթական գործարքը.

«Օսմանյան կառավարությունը տեսնելով, որ Վանի առյուծասիրտ պաշտպաններին չի կարողանում ընկճել, օտար հյուպատոսներին ուղարկում է  նրանց մոտ` առաջարկելով, որ, եթե ղեկավարներից  10 հոգու հանձնեն, ապա կռիվը կդադարի։ …Բայց մարտիկները հասկանալով, որ կառավարությունը  ցանկանում է  խորամանկությամբ ինքնապաշտպաններին զրկել ղեկավարությունից, հրաժարվում են այս առաջարկից։ Օտարերկրյա հյուպատոսները բանակցելու պատրվակով քանիցս ինքնապաշտպանների մոտ գալով, ուսումնասիրում են նրանց դիրքերը և հայտնում թուրքերին, իսկ անգլիական հյուպատոս Մ.Ուիլամը ճշտում է թուրքերի թնդանոթների դիրքը և ուղղում հայկական պաշտպանական գծի խոցելի տեղերի վրա։ Դեպքերի ականատեսը անգլիական հյուպատոսին այսպես է նկարագրում. «Նա ներքնապես թրքացած լինելով , արտաքին կերպով էլ  չէր ուզեցել յետ մնալ  կատարեալ թիւրք լինելուց. Հագել էր թիւրք ժանտարմի շորեր և գլխին ծածկել թրքական կարմիր ֆէս….»։ (Նույն տեղում` էջ 27):

Հատկանշական է, որ այդ շրջանում Վանում գտնվող անգլիացիների հակահայկական պահելաձևի և բնավորության մասին իրենց հուշերում խոսել են շատերը։ Ակնհայտ էր, որ սա թուրքական հերթական ծրագիրն էր, որին աջակցում էին անգլիացիները։ Գրեթե նույն սցենարն ու ձեռագիրն ունեցավ նաև 1920-ի Շուշիի կոտորածը։ Վանում գտնված Արամ Մանուկյանը իր օրագրում ևս պատմում է անգլիացի հյուպատոս Մ. Ուիլամի մասին։ Մանուկյանը ևս նկատում է նրա թուրքամետ բնավորությունը.»