Ռազմական հանցագործություններն անպատասխան չպետք է մնան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում քիմիական զենք կիրառելու համար

Անկախ այն բանից, թե ինչ ինտեգրացիոն գործընթացներ են փորձում զարգացնել տարածաշրջանում, Արցախում հրահրված ադրբեջանաթուրքական ագրեսիան առաջ է բերել հարցեր, որոնք պետք է ստանան համարժեք պատասխաններ: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվեցին պատերազմական հանցագործությունների դրվագներ, որոնք քննության կարիք ունեն միջազգային համապատասխան ատյաններում:

Այդ երեւույթներին համարժեք արձագանք տալն անհրաժեշտ է պատերազմի հրահրման մեղավորների՝ միջազգային հանրության համար բացահայտման եւ հետագա նմանատիպ քայլերը կանխարգելելու նպատակով: Արձանագրենք, որ հայ ռազմագերիների հարցով արդեն գործուն քայլեր են արվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական ուժերը, մի շարք այլ հանցագործությունների կողքին, կիրառեցին նաեւ ֆոսֆորային ռումբեր, որոնք, որպես քիմիական զենք, արգելված են միջազգային կոնվենցիաներով: Պատերազմի ընթացքում այդ փաստը հավաստող տեսանյութերն ու ահազանգերը չստացան համապատասխան ահազանգ:

Նախօրեին Հաագայում տեղի ունեցած Քիմիական զենքի արգելման կազմակերպության 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաեւ վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել այդ հայտարարության տարածման հարցում: Փաստաթղթում ասվում է. «Զարմանք է առաջացնում ՔԶԱԿ քարտուղարության կողմից այն փաստի անտեսումը, որ վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց եւ շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին»: Հայտարարության մեջ նաեւ ընդգծվել է քարտուղարության պարտավորությունը՝ արձագանքելու մասնակից պետությունների դիմումներին եւ, կոնվենցիայի պահանջների համաձայն, ձեռնարկելու անհետաձգելի քայլեր։

ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված սպառազինությունների կիրառման եւ կատարված ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանը 2020 թ. հոկտեմբերից Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար օղակներում շարունակաբար բարձրացրել է սպիտակ ֆոսֆորին նմանվող քիմիական նյութի պարունակությամբ զենքի կիրառման փաստը քննելու նպատակով փաստահավաք առաքելություն Արցախ գործուղելու անհրաժեշտության հարցը՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվական նյութեր՝ ներառյալ արտասահմանյան փորձագետների կողմից նախապատրաստված զեկույցը:

Քիմիական զենքի օգտագործման փաստը մեկն է այն հանցագործություններից, որ իրականացրին ադրբեջանաթուրքական զինված ուժերն Արցախի բնակիչների հանդեպ: Եթե քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման պատճառով Արցախն ունեցավ տասնակ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում եւ ավերված հոգեւոր-մշակութային կոթողներ, ապա ֆոսֆորային զենքի կիրառման հետեւանքով եղան ոչ միայն քիմիական նյութերի այրման դեպքեր խաղաղ բնակչության շրջանում, այլեւ անդառնալի վնաս հասցվեց Արցախի Հանրապետության կուսական անտառների հսկայական տարածքներին:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ամբողջական պատկերը միջազգային հանրությանը հասցնելը եւ ագրեսորին համապատասխան պատասխանատվության ենթարկելը կարեւոր նշանակություն ունեն ճշմարտության վերհանման, արցախյան հիմնահարցին վերջնական ու արդարացի լուծում տալու համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ»