Թշնամին խոչընդոտում է Արցախի դաշտային աշխատանքներին

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Սահմանամերձ տարածքներում անվտանգության երաշխիքներ են պետք

Արցախի Հանրապետության համայնքներում գարնան դաշտային աշխատանքների եռուն շրջան է, եւ հողօգտագործողները ձգտում են արդյունավետ օգտագործել բարենպաստ բնակլիմայական պայմաններն ու առատ բերքի համար հուսալի նախադրյալներ ստեղծել: Նրանց, անշուշտ, շահագրգռել է եւ պետության կողմից ցուցաբերվող լայն աջակցությունը՝ անհատույց սերմերի եւ պարարտանյութերի, տնկիների ձեռք բերման նպատակով: Սակայն, այս ամենով հանդերձ, մարդիկ, հատկապես սահմանամերձ գոտու բնակավայրերում ապրողները, լուրջ խոչընդոտների եւ դժվարությունների առջեւ են կանգնած: Խոսքը, բնականաբար, աշխատանքի ընթացքում նրանց անվտանգության երաշխիքներին է առնչվում, ինչը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, միշտ չէ, որ լիարժեք ապահովվում է:

Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում վերջերս տեղի ունեցած ամենաթարմ դեպքը՝ կապված դաշտային աշխատանքների կազմակերպման հետ, խորհելու առիթ է տալիս: Հարեւան Սարգսաշեն գյուղի տարածքից, որ օկուպացվել է թշնամու կողմից, հաճախ են կրակոցներ լինում գարնանացան կատարող սարուշենցիների ուղղությամբ: Ինչ խոսք, նման հանցավոր երեւույթները մի քանի անգամ կանխվել են ռուս խաղաղապահների ջանքերով: Սակայն, ցավոք, ազերի զինյալներն անհրաժեշտ հետեւություններ չեն ուզում անել ու բացահայտ շարունակում են իրենց ստոր քայլերը: Խնդիրն այն է, որ խաղաղապահների հենակետերը տարածքից բավական հեռու են տեղակայված, այդ իսկ պատճառով «հսկողությունը երբեմն դուրս է մնում տեսադաշտից»: Դյուրին չէ նաեւ աշխատանքային ողջ օրվա ընթացքում հերթապահություն սահմանել դաշտերում եւ այգիներում: Հետեւաբար, հակառակորդը պիտի փոխի իր վարքագիծը ու ենթարկվի օրենքին: Ցավոք, նա դեռ պատրաստ չէ ձերբազատվելու հայերի նկատմամբ ունեցած ատելությունից եւ թշնամանքից, ինչը եւ «փոխըմբռնման» գլխավոր խոչընդոտն է:

Ստեղծված բարդ իրադրությունում գարնանացանի անվտանգ կազմակերպումը լրջագույն խնդիր է դարձել հողագործների համար: Բարձր գնահատելով խաղաղապահների առաքելությունն Արցախում, Ասկերանի շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Արվիդ Ղուլյանը խոր ափսոսանքով է նշում թշնամու կողմից անվտանգության խաթարմանը միտված փորձերի մասին, որոնք ընդհուպ կարող են բախումների պատճառ դառնալ եւ խախտել տարածաշրջանի կայունությունը: Սահմանազատման հարցը լիարժեք լուծում չի գտել, եւ հայկական բնակավայրերի նկատմամբ հակառակորդը լկտիաբար շարունակում է ճնշումներ գործադրել: Մարդիկ իհարկե խուճապի չեն մատնվում ու սիրով իրենց հողն են մշակում, ցանք կամ ծառատունկ կատարում: Սակայն հնարավոր չէ անտեսել ազերիների կողմից՝ սահմանամերձ տարածքում հողի մշակների հանդեպ դրսեւորվող սպառնալիքներն ու հայհոյանքները, որոնք զանգվածային բնույթ են կրում: Խաղաղապահների սաստումները երբեմն չեն ազդում նրանց գազանային, վայրենաբարո պահվածքի վրա, եւ թշնամանքն ու ատելությունը քարկոծումներով են արտահայտվում:

Աղդամի հարեւանությամբ են Խրամորթ համայնքի այգիները: Ինչպես գյուղապետ Զորի Աբրահամյանն է տեղեկացնում, հակառակորդի հսկողության տակ է անցել շուրջ 350 հեկտար տարբեր նշանակության հողատարածք: Պատկերացնել է պետք, թե մարդիկ, վտանգելով իրենց գոյությունը, ինչպես են աշխատում միջդիրքային հատվածներում: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ավելի քան 40 հեկտար նռան, խաղողի եւ տարբեր մրգատու այգիներ մնում են անմշակ:

«Ինչ խոսք, փորձ է արվում խնդիրը կարգավորել խաղաղապահների միջամտությամբ, սակայն որքա՞ն կարելի է հանդուրժել խուժանի անմարդկային քայլերը եւ սեփական հողի վրա քեզ անպաշտպան զգալ»,- ասում է Զ. Աբրահամյանը եւ առաջարկում «միջադեպերից խուսափելու համար աշխարհազորային խումբ ձեւավորել ու հերթապահություն սահմանել, կամ էլ խաղաղապահների հենակետ տեղադրել Խրամորթի տարածքում»: Ա. Ղուլյանն էլ հավելում է, որ եթե անվտանգության երաշխիքներ չլինեն, եւ իրավիճակը չփոխվի, ապա մարդիկ դժվար թե համաձայնեն ներդրումներ կատարել, որքան էլ որ ցանկությունը մեծ լինի…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ»