Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակում է իր լիազորություններն իրականացնել, ինչը քրեորեն պատժելի արարք է. Իրավաբան

 

Այն պահից, երբ վարչապետը հրաժարական է տալիս, նա դադարում  է կառավարության անդամ լինելուց, հետևաբար պնդումը, թե վարչապետը մինչև նոր կառավարության ձևավորումը շարունակում է իր պարտականությունների կատարումը որպես կառավարության անդամ, հիմնազուրկ է և հակասում է Սահմանադրությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրավաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդմանը, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելը համապատասխանում է Սահմանադրությանը։

«Մինչև կառավարության հրաժարականը վարչապետն է հրաժարական տվել։ Կառավարության մյուս անդամները կառավարության հրաժարականից հետո շարունակելու են պաշտոնավարել, բայց ոչ վարչապետը»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով վարչապետի հրաժարականի՝ օրենքով նախատեսված հիմքերին, Հովհաննիսյանն ուշագրավ օրինակ բերեց։

Մատնանշելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1֊ին կետը, ըստ որի՝ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել, եթե նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, իրավաբանն ասաց.

«Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ վարչապետը ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն և այդ հիմքով հրաժարական է տալիս։ Հիմա ի՞նչ, ասենք՝ նա շարունակում է մեր վարչապետի պարտականությունները կատարել, մինչև նոր կառավարության ձևավորո՞ւմը, երբ Սահմանադությամբ ՀՀ վարչապետ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Նման իրավիճակում որևէ մեկն իրավունք չունի մեկնաբանել, որ, օրինակ, այլ երկրի քաղաքացիություն ստացած վարչապետը կարող է պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը։ Նույնն էլ այս իրավիճակում. եթե վարչապետը հրաժարական է տվել՝ ի՞նչ հիմք ուզում է լինի, վերջ, նա դադարում է կառավարության անդամ լինելուց»։

Իրավաբանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակում է իր լիազորություններն իրականացնել, ինչը քրեորեն պատժելի արարք է։