Մարալ Նաջարյանը կհրաժարվի՞ հայկական անձնագրից

 

Մեկ օր առաջ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս։ Մարալը, ինչպես հայտնի է, մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։
Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին:

«Ես՝ որպես Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, ոստիկանություն հայտարարություն եմ ներկայացրել՝ խնդրելով Ադրբեջանում մնացած անձնագիրն անվավեր ճանաչել եւ նորը տալ: Դրան մենք ստանում ենք բոլորից ամենազավեշտալի պատասխանը. Մարալը պետք է անձամբ գա անձնագրային վարչություն, դիմում ներկայացնի՝ նոր անձնագիր ստանալու համար:

Կարգավորումն հենց այդպիսին է, սակայն իրավիճակը բացառիկ է: Խոսքը բարզապես լիբանանցի հայ կնոջ մասին չէ, ով ցանկանում է հայկական անձնագիր ստանալ: Խոսքը գերությունից վերադարձած կնոջ մասին է, ով վերականգնման փուլում է: Պետությունը պարտավոր էր համապատասխան մոտեցում ցուցաբերել: Այս ամենը նշված է հայտարարության մեջ, որ խոսքը գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի մասին է, ում անձնագիրը մնացել է Ադրբեջանում: Սակայն պետությունը շատ արհամարական վերաբերմունք ցուցաբերեց:

Այժմ մենք տիկին Նաջարյանի հետ քննարկում ենք՝պետք է արդյոք նրան հայկական անձնագիր, թե՞ ոչ:  Դա պարզելուց հետո մենք կորոշենք հետագա գործողությունները: Կամ անձնագիր ստանալու համար դիմում ենք Վարչական դատարան, կամ նա որոշում է կայացնում, որ հրաժարվում է հայկական անձնագրից: Կարծում եմ՝ իրավիճակը պարզ կդառնա այսօր կամ վաղը», — հայտնել է NEWS.am-ին փաստաբանը, շեշտելով, որ բացառիկ իրավիճակները բացառիկ լուծումներ են պահանջում։