Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին. ԱՄՆ դեսպան

 

Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Սա շատ կարևոր խնդիր է: Բայց միևնույն ժամանակ պարզ է նաև, որ կան որոշ անմիջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հետկոնֆլիկտային իրավիճակից ելնելով: Սա մի հարց է, որտեղ Մինսկի խումբը կարող է շատ կարևոր դեր ունենալ», — նշել է դեսպանը:

Թրեյսին ընդգծել է, որ կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով:

«Սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել», — ասել է ԱՄՆ դեսպանը:

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե՝ ռուսներն ու նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը կասեին, որ այս հակամարտությունն ավարտված է, ԵԱՀԿ Մինսկի խմբին այլևս ոչինչ չի մնում անել, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ առկախված է, և պետք է լուծվի, դեսպան Լին Թրեյսին ասաց, որ դա կրկին չափազանց բարդ սցենար է:

«Մի իրավիճակ, որ չեմ կարծում, որ որևէ մի երկիր կարող է լուծել, և այդ պատճառով էլ մենք ունենք Մինսկի խմբի համանախագահների հարթակը, և երբ նայում եք լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ: Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքի հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել:

Մենք առաջիններից էինք, որ օգնություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներսում: Ինչպես ասացի, սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ, հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև այլ արևմտյան երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում», — նշել է դեսպանը։