Լիտվական անտառը՝ Հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների արտացոլանք

Hy.armradio.am-ը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Աննա Մազմանյանը և մի շարք պաշտոնատար անձինք այսօր Լոռու մարզում տնկել են հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները խորհրդանշող Լիտվական անտառի առաջին տնկիները։

Լիտվայի Հանրապետությունը Եվրոպական Միությունից առաջին երկրներից մեկն է, որ արձագանքել է ՀՀ կառավարության կոչին և միացել «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը։ Նախաձեռնության շրջանակում Լիտվան շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։

«Հայաստանի Հանրապետությանն ու Լիտվային միավորում են մշակութային ու քաղաքակրթական մի շարք ընդհանրություններ, որոնք լավագույն հենք են ապահովում մեր 30-ամյա կապերն ավելի ամրապնդելու, խորացնելու համար, ի մասնավորի նաև բնապահպանական ոլորտում»,-իր ողջույնի խոսքում նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվայի Հանրապետության գործընկերներին,-ողջունում եմ Լիտվայի Հանրապետության կողմից «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը 10,000 կեչու նվիրաբերությունը․ դա լավագույնն է արտահայտում վերաբերմունքը բնապահպանության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտի նկատմամբ։

Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բնապահպանական մի շարք ծրագրերի իրականացման և կլիմայական օրակարգի առաջմղման բավականին հավակնոտ պատրաստակամություն է հայտնել, և ահա այս շրջանակներում այս տարի հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ ծառատունկերի մեկնարկ է տրվել։ «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը հանրության համախմբումն է կլիմայական օրակարգի շուրջ։ Շնորհակալություն այդ օրակարգի մի մասնիկը դառնալու համար»։

Լիտվայի Հանրապետության արտգործնախարարն իր խոսքում մեծ պատիվ է համարել Հայաստանում գտնվելը․«Մեր երկու երկրների միջև 30 տարի առաջ հյուսեցինք մեր համերաշխությունն ու բարեկամությունը և հիմք դրեցինք մեր հետագա համագործակցությանը։Այցելելով Հայաստան, համոզված եմ, որ 30 տարի առաջ մեր ցանած սերմը մեծացել և ընկերության ու բարեկամության ծառեր է դարձել։ Այդ առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր ծառ ենք տնկելու։ Ես համոզված եմ, որ 30 տարի անց, երբ հանդիպենք այստեղ՝ որպես երկու ժողովրդավարական ու քրիստոնյա երկիր, կքայլենք արդեն մեծացած ծառերի միջով և այն ժամանակ կունենանք 60 տարվա ընկերության ու համերաշխության ծառեր։ Սա նաև խորհրդանշում է, որ նույնիսկ ամենադժվար պահերին մենք նայում ենք դեպի ապագա․քանզի ծառ են տնկում այն երկները, որոնք հույս ունեն»։ Հանդիսավոր կերպով բացվել է Լիտվական անտառի ցուցատախտակը և տնկվել են առաջին ծառերը։»