«Հավաքական Սերժ» vs. «հավաքական Նիկոլ»

 

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան օղակում ամենաերկար պաշտոնավարած, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեր երկրի քաղաքական կյանքում ֆենոմեն է։

ՀՀԿ նախագահին հակադիր քաղաքական հայացքներ ունեցող ցանկացած մեկը կարող է այս դիտարկումը վիճարկել, սակայն եկեք մի քանի օրինակով փաստենք իր ֆենոմենալությունը։

1) Անկախության հռչակումից ի վեր Սերժ Սարգսյանը եղել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար, վարչապետ, նախագահ։

2) Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, ով, չնայած հասարակության մեծամասնության կողմից «ՄԵՐԺՎԱԾ» լինելուն, մինչ օրս էլ ունակ է թելադրելու ներքաղաքական օրակարգ։

3) Նա այն պետական գործիչն է, ով ներկայումս որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, բայց, օրինակ, Չինաստան-Իրան, Իրան-Հայաստան-Վրաստան ծիրում բավականին հետաքրքիր իրադարձությունների ֆոնին ՉԺՀ դեսպանատունը ռելիզ է տալիս ոչ թե ներկայիս վարչապետի, այլ հենց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին։ Այլ կերպ ասած՝ արտաքին խաղացողների համար մինչ օրս էլ նա ընդունելի գործիչ է, ում հետ հաշվի են նստում։

Ինչևէ, Սերժ Սարգսյանը մեկ այլ իմաստով ևս ֆենոմեն է՝ անուղղակիորեն։ Եթե հետևում եք ռուսաստանյան ներքաղաքական իրողություններին, հավանաբար լսած կլինեք «հավաքական Պուտինի» («коллективный Путин») ֆենոմենի մասին։ Կարճ՝ երևույթը երկրի ղեկավարի և բյուրոկրատիզացված պետական ապարատի փոխհարաբերությունների մասին է։ Վերարտադրենք ֆենոմենը Հայաստանում։

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ՍԵՐԺԸ»

Սերժ Սարգսյանը, լինելով դիվանագիտական հմտություններով օժտված պետական գործիչ, նախագահի պաշտոնը ստանձնելու պահից, փաստորեն, կենտրոնացել էր Հայաստանի անվտանգության հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում սպառնալիքների չեզոքացմանն ուղղված դիվանագիտական աշխատանքին։ Բայց բնականաբար պետությունը բազմաֆունկցիոնալ օրգանիզմ է, ուստի կային բազմաթիվ այլ խնդիրներ։ Սերժ Սարգսյանը գերադասել էր դրանք պատվիրակել պետական ապարատին՝ մեծապես իր քաղաքական թիմին։ Սերժ Սարգսյանը դիստանցավորվել էր մնացած խնդիրներից (սա ակներև է նաև իր քաղաքական թիմի առումով, եթե հաշվի առնենք այդ իսկ թիմի շրջանակում աճեցված որոշ կադրերին, որոնք 2018թ․ շատ արագ փոխեցին իրենց քաղաքական հայացքները՝ դառնալով նոր իշխանության մաս)։

Այդ ընթացքում բյուրոկրատական համակարգը հաճախ, խուսափելով տարբեր մակարդակներում որոշակի հարցերի լուծման պատասխանատվությունից, ամեն ինչ վերագրում էր «ամենավերևից ա ասած» արտահայտությանը` նկատի ունենալով նախագահին։ Սա բերել էր նրան, որ, մի կողմից, հենց երրորդ նախագահն իրեն դիստանցավորել էր համակարգից, մյուս կողմից, այդ նույն համակարգի գործելաոճը ընդհանուր ընկալում էր ձևավորել, որով պետական համակարգն ու Սերժ Սարգսյանը նույնականացվել էին։ (Այս իմաստով, ի դեպ, առանձին քննարկման առարկա է նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կերպարը․ հանրության շրջանում Սաշիկ անունով առավել հայտնի Սարգսյանը օլիգարխիկ համակարգի հավաքական կերպարն էր)։

Նույնականացմանը, իհարկե, նպաստել է այն, որ, նախագահական հանրապետության առանձնահատկությամբ պայմանավորված, հայաստանյան հասարակությունը համակարգը կապել է մեկ անձին՝ երկրի ղեկավարին։

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ՆԻԿՈԼԸ»

Հանրության շրջանում վերջին երեք տարում համակարգի և երկրի ղեկավարի նույնականացման մասին ընկալումը գլոբալ առումով փոփոխության չի ենթարկվել, սակայն փոխվել է ղեկավարի ընկալումը։ Այսպես, եթե Սերժ Սարգսյանի դիստանցավորումը նրա հավաքական կերպարով էր օժտել բյուրոկրատական համակարգին, ապա ներկայիս ղեկավարն ինքն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի համակարգը նույնականացվի իր հետ։ Այլ կերպ ասած՝ պետական ապարատի վարքը, գործելաոճը ամբողջովին պատճենում է երկրի ղեկավարի վարքագիծը։ Բազմաթիվ են դրվագները, երբ պետական ապարատը գործել է անհավասարակշիռ, տրամաբանությունից զուրկ, համակարգի բարձր և միջին օղակում կայացրել են ոչ իրավաչափ, սուբյեկտիվ բնույթի որոշումներ։

Եթե երրորդ նախագահի կառավարման շրջանում բյուրոկրատական համակարգի ավտորիտար տարրերը մեղմվում էին նախագահի դեմոկրատիզմի հաշվին (բացահայտ ճշմարտություն է, որ նրա ղեկավարման տասնամյակում, օրինակ, մամուլը շատ ավելի ազատ էր, քան վերջին երեք տարիներին, և դա պայմանավորված էր հենց նախագահի դիրքորոշմամբ), ապա այժմ դրանք սրվել են, քանի որ կրկնորդվել են երկրի ղեկավարի ավտորիտար վարքագիծը։ Նույն մամուլում և կամ ցանկացած տարակարծիք ընդդիմադիր գործչի հակաիշխանական ելույթները համակարգի կողմից անմիջապես ընկալվում են երկրի ղեկավարի «նախկինաֆոբիայի» տրամաբանությամբ, և ապարատն անմիջապես գործի է դնում իրավապահ մարմիններին՝ տարակարծության համար քրեական գործեր հարուցելով։ Սա էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ աճող դիկտատուրայի նշան։

Արմեն Մխիթարյան

Միջազգային փորձագետ

29.04.21