Սյունիքի դատարանը սիրիացի 2 վարձկաններին ցմահ ազատազրկման դատապարտեց

Armeniasputnik.am-ը գրում է.

«Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Արցախի դեմ ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դատական նիստը նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի օգնական Երվանդ Ղոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում մեկնարկել էր Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:

Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Արցախի դեմ ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` երկու սիրիացիներն էլ չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մշտապես չբնակվելով այդ երկրի տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացի` նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են պատերազմին։

Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչություն), 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։»