ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի տղաներին տուն. Բորիս Ավագյանը փակագծեր է բացում գերիներ վերադարձի հետ կապված — Iravunk.com

 

Դեռեւս նախորդ շաբաթ  հայ ռազմագերիների  վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը մասնակցելուց անմիջապես հետո` հնչեցրած կարծիքների համար Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը ազատվեց աշխատանքից, ապա նաեւ հրավիրվեց ԱԱԾ:
Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։

Նա նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։

Աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱՀ նախկին պաշտոնյան գնդապետի կոչում է ստացել պատերազմից հետո, բայց, թե ինչ ծառայությունների համար` հայտնի չէ(-համենայնդեպս նման տեղեկություններ շրջանառվեց մամուլում): Այս ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունքը» փորձեց ստանալ անձամբ ԱՀ նախկին պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանից, ով անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը նախ նկատեց.

-Այն գործառույթները, որոնք ես իրականացրել եմ պատերազմի ընթացքում, դրանից առաջ եւ հետո չեմ պատրաստվում ներկայացնել մամուլին, որովհետեւ դա կդիտվի, որպես ինքնագովազդ: Իսկ ինքնագովազդով թող զբաղվեն քաղաքական գործիչները: Այն ինչով ես զբաղվել եմ` տեսել են այն մարդիկ, ովքեր ինձ տվել են շնորհակալագրեր, որոնց համար ես եւս շնորհակալ եմ:

-Ասում են, որ ձեզ պատերազմից հետո գնդապետի կոչում շնորհեցին:

-Մամուլում շրջանառվող լուրերը պետք է հիմնավորվեն, բազմաթիվ լուրեր են շրջանառվում այսօր մամուլում:

Կոնկրետ գնդապետի կոչում ստանալու հետ կապված ենք խնդրում Ձեր մեկնաբանությունը:

-Ի՞նչ պետք է ես մեկնաբանեմ:

-Իրականում, ե՞րբ եւ ի՞նչ ծառայության համար եք ստացել գնդապետի կոչում:

-Այդ կոչումները իմ զինվորական գրքույկում արտահայտված են:

Պատերազմից հե՞տո եք ստացել այդ կոչումը:

-Գիտեք իմ անցած ճանապարհը միայն ՀՀ-ով եւ Արցախով չի սահմանափակվում: Ես ՀՀ եմ վերադարձել 2018թվականից հետո: Ես ճանապարհ եմ անցել ե՛ւ Հարավային Օսեթիայում ե՛ւ շատ ուրիշ տեղերում: Դրա համար ինձ թվում է այդ մեկնաբությունները ավելորդեն: Ես ե՛ւ պատերազմին եմ ակտիվ մասնակցություն ունեցել ե՛ւ դրանից հետո առհասարակ:

-Ասացիք պատերազմին ակտիվ մասնակցություն եք ունեցել, կասե՞ք ինչու ունեցանք այն ինչ ունենք:

-Ես իմ տեսակետը կհայտնեմ, երբ բոլոր գերի ընկած տղաները վերադարձած լինեն տուն: այ այդ ժամանակ ներկայացնելու ճշմարտությունը բոլոր կողմերից:

-Ունե՞ք տվյալներ, որքան գերեւվարված տղաներ ունենք Ադրբեջանում:

-Ունենք, բայց այդ տվյալները ես չեմ կարող հրապարակել, որովհետեւ չունեմ նման լիազորություններ:

-Արդյո՞ք ՀՀ-ն օգտագործում է գերիների վերադարձին ուղղված բոլոր ռեսուրսները այսօր:

-Ռուսաստանի դաշնությունը, ինչպես նաեւ Արցախում ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարը անում են հնարավորն ու անհնարը, որպեսզի գերիները վերադառնան: Եթե չխանգարեն, չխոչընդոտեն, ինձ թվում է ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի տղաներին տուն: ՌԴ-ի ջանքերը մեր միակն հույսն են, որ տղաները հետ կվերադառնան:

Ասեմ ինչու, տեսեք, եթե մենք անդրադառնանք պատերազմին, ապա քննարկելու ենք նաեւ ադրբեջանական գործողությունները, բայց ունենալով նման քանակություն գերեւավարված տղաներ Բաքվում` ինձ թվում է, հրապարակային քննարկումները ավելորդ են: Ես բոլորին հորդորում եմ, որպեսզի պատերազմի վերաբերյալ հրապարակային քննարկումներից զերծ մնանք մինչեւ գերիների վերադարձը: Թող ամեն մեկը իր վրա վերցնի, պատկերացրեք` Ձեր երեխան Բաքվում նստած է, ու ինչ-որ մարդիկ հավաքվում պատերազմ են վերլուծում:

-Դուք նշեցիք ՌԴ ջանքերը, իսկ ՀՀ, Արցախի իշխանությունները ի՞նչ են անում:

-ՀՀ-ի իշխանությունները ինձ չեն տեղեկացնում, թե ինչ են անում:

-Պարոն Ավագյան, Ձեզ վրա որեւէ ճնշում կա՞ այս պահին:

-Ինձ վրա անհնարին է ճնշում գործադրել: Չկա տենց կառույց, չկա տենց մարդ, որ կարողանա փորձի ինձ ճնշել:

-Բայց Ձեզ ԱԱԾ էին չէ՞ հրավիրել, ինչպես ավարտվեց այդ հրավերը:

-Ընդամենը հրավերի մակարդակով էր, որովհետեւ երբ ես ժամանեցի այնտեղ` անհրաժեշտությունը կորել էր այլեւս ինձ հետ հանդիպելու:

-Այս պահին ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Զբաղվում եմ այն գործունեությամբ, որով զբաղվել եմ: Իմ կողմից ջանքեր եմ ներդնում գերիների վերադարձին ուղղված:

 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com