Ընդդեմ երեք բուհերի. իշխանության նոր քայլն ընտրություններից առաջ. տեսանյութ

Armlur.am-ը գրում է.

Կառավարության կողմից հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ որոշումը տարակարծությունների առիթ է տվել։ Այդ որոշման արդյունքում Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձևավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան: Ընդ որում,  Կառավարությունը 3 բուհերի համար արագ հաստատել է դեռևս հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը:

Քննադատները հիմնականում պնդում են, որ Կառավարության որոշումը միտված է նախընտրական շրջանում բուհերին ինքնավարությունից զրկելուն։

Բուհերի կառավարման մարմնում Կրթության նախարարությունը ավելի մեծ ներկայացվածություն կունենա, քան բուհը։ Այս փոփոխությունը նախատեսված էր նաև խորհրդարանի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, որը նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ապրիլի 22-ին չէր ստորագրել՝ ուղարկելով Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու համար: Ու մինչ բարձրագույն դատական ատյանը որոշում կկայացնի, հարցն արդեն լուծվեց գործադիրի միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ է կարծում, որ որոշումը կայացվել է սահմանադրական նորմերի խախտմամբ։ Արման Թաթոյանը երեկ հայտնել է, որ ինքը ևս դիմելու է Սահմանադրական դատարան՝ որոշման սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։ Օմբուդսմենը դեռ դեկտեմբերին մտահոգություն էր հայտնել, որ օրենքի նախագիծը քննարկելիս հաշվի չի առնվել մասնագիտական շրջանակների և Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը: Որոշումն ընդունվել է փակ քննարկման արդյունքում, ինչը օմբուդսմենը ևս խախտում է որակում։

Մանրամասները՝ տեսանյութում