Հունիսի 21-ից հետո կտրականապես արգելել՝ ․․․

Հայաստան դաշինքի նորամուտը և հաջորդած հանրահավաքը մոռացված զգացողություններ արթնացրին: Նաև հավատ, թե կորուստներն անդառնալի չեն: Ես մեկն եմ նրանցից, ովքեր Երկրորդ նախագահի և ՀՅԴ հանդեպ այս երեք տասնամյակում ունեցել են դրական տրամադրվածություն: Միաժամանակ համառորեն հետ եմ մղել աջուձախից լսվող քննադատությունները, հիմար բամբասանքները, թե իբր կարծիքս գին ունի: Զրպարտիչներ հիմա էլ կան, քանի որ թե ՀՅԴ-ն, թե Ռոբերտ Քոչարյանը մնում են թուրքական մաղձահեղության թիրախում, ոսոխին կենդանական բնազդներով ձայնակցում են ներմուծված լրտեսներն ու ապերախտների ստորին շերտը: Երեկ զգացի, որ սրանք այլևս չեն կարողանալու իրենց փչած փուչիկներով հասարակության մեջ եղանակ ստեղծել, քանզի ծնվեց մի հսկա չափիչ սարք, այն մարդկանց համեմատելու նորագույն ուժ ունի՝ համեմատել խելքն ու տխմարությունը, ազնվությունն ու սրիկայությունը, ճշմարտությունն ու սուտը, փորձառությունն ու անկյալությունը, հայրենասիրությունն ու հայրենադավությունը: Իհարկե, մեծ մարդուն վայել է մեկ այլ մեծի հետ համեմատությունը, բայց ի՞նչ արած՝ մեր ձեռքով մեր երկիրն իջեցրել ենք այս ողբալի աստիճանին: Փառք Աստծո, արժանիներ կան ու վճռականորեն ելել են մարտի: Ասպարեզում հայտնվել են նաև քաղաքական նոր ու խոստումնալի միավորներ՝ Համահայկական ազգային համաձայնություն, Հայրենիք և այլն, նրանց ներկայությունը երաշխիք է, որ ժանտախտը Հայաստանից հալածվելու է, մեր պետության առջև բացվելու է վերածնության լայն հորիզոն: Պայքարին միացել է նաև ՀՀԿ-ի մտավոր հատվածը, որը ևս օժտված է կառավարման փորձով: Հուսանք որ հռչակված դրույթները՝ անվտանգություն, տնտեսություն, Արցախի կարգավիճակ, միջազգային պատվաբեր գործընկերություն, հեռանկաներ են ունենալու:

Բայց…

Պատկերացնենք այդ օրը՝ Հայաստան դաշինքը մյուս հակաժանտախտային ուժերի հետ հաղթել է, սկսվել է հայրենաշինության բաղձալի փուլը: Արդյոք դա բավարա՞ր է իբրև ուժեղ երկիր գոյատևելու համար: Իմ կարծիքով՝ ոչ: 2098-2018թթ. Երկրորդ և Երրորդ նախագահների կառավարման շրջանում ունեցանք բազում հաջողություններ գրանցած երկիր, այդ թվում՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ու զարգացող Արցախը: Սակայն ի՞նչ պատահեց՝ եկավ մի օտարածախ հանցաթիմ ու ազգին զրկեց իր բոլոր ձեռքբերումներից, հաղթանակներից, հույսից ու արժանապատվությունից: Ի՞նչ երաշխիք կա, որ վերակերտված ապագայում նույնը չի պատահի, երկիրը դուրս կգա ճգնաժամից, հետո կգա մի նոր օտարածախ հանցաթիմ ու արդեն՝ լիակատար ջախջախում, պատմության ընթացքից առհավետ անհետացում:

Ժամանակից առաջ եմ ընկնում, այդուհանդերձ, արժե այս մասին խոսել նախապես: Միտքս բացատրեմ առաջարկների տեսքով:

Իշխանափոխությունից անմիջապես հետո.

— Առկա միջոցներն ուղղել բանակի վերազինմանը:

— Ընդունել նոր Սահմանադրություն՝ հայ ինքնությանն ու համամարդկային բարձրագույն չափանիշներին համահունչ:

— Վերականգնել միջպետական գործընկերային հարաբերությունները:

— Անդրազգային կենտրոնների պահանջներին ենթարկվելու փոխարեն համախմբել հայկական ամբողջ դրամագլուխը, որն աշխարհում խոշորագույններից է:

— Կտրականապես արգելել օտարերկրյա ու միջազգային կասկածելի կազմակերպությունների, լրատվամիջոցների, աղանդների գործունեությունը:

— Հանրային խորհրդի փոխարեն կազմավորել Հայագետների խորհուրդ՝ վերականգնելու համար աղավաղված ազգային գաղափարները, պատմական ճշմարտությունը, ուղենշելու պետական քաղաքականությունը՝ այն շեղումներից զերծ պահելու համար: Հայագետների խորհրդին վստահել Համազգային ուսմունքի և ծրագրի ձևավորումը, այն ընդունել հանրաքվեով:

— Սահմանել պետական դավաճանությունը կանխարգելելու և պատժելու որոշակի կանոններ:

Առայժմ այսքանը:

 

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Ֆեյսբուք

10.05.2021թ.