Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին. «Հրապարակ»

Երեք նախագահների դաշինքով ընտրություններին մասնակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառուցողական առաջարկը թեեւ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, սակայն հենց նրանց շահերից է բխում, որ ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրապայքարին՝ դառնալով ընտրությունների այլընտրանք՝ իշխանության եւ նախկինների արանքում։ Մանավանդ, որ երրորդ ուժի տեղի հավակնորդները շատ են, եւ եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», անգամ Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը։

Այս թեմային անդրադառնում է «Հրապարակ»-ը և նշում է, որ իր տեղեկություններով, ըստ անկախ սոցիոլոգիական գաղտնի հարցումների՝ Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։ Բայց այնպես չէ, որ դա մեխանիկորեն գումարվել է սեւերի օգտին։ Հերթական հիասթափվածների բանակը, որպես կանոն, միանում է ընտրություններին չմասնակցողների բանակին։ Իսկ որքան ցածր լինի մասնակցության շեմը, այնքան կմեծանա իշխանությունների՝ հաղթելու հավանականությունը։ Իսկ չմասնակցելու մտադրություն ունեցողներն արդեն մոտ 60 տոկոս են կազմում։