Մեռյալ սխեման կյանքի է կոչվելու․ Լարիսա Ալավերդյան
News.am-ը գրում է.
«Այն, ինչ այս իշխանությունն այսօր անում է, հաջորդ իշխանություններին շատ ծանր կացության մեջ է դնում։ Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով դեռ չգաղտնազերծված փաստաթղթի վերաբերյալ Փաշինյանի ստորագրմանը։
«Եթե այդ փաստաթղթով ՀՀ տարածքներին առնչվող հարցեր կան, այդ փաստաթուղթը ոչ միայն պիտի խորհրդարանի և ՍԴ-ի վավերացումը անցնի, այլև դրվի հանրաքվեի։ Այլապես մենք գործ կունենանք անօրինական փաստաթղթի հետ»,-նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ տարբեր «կեղտոտ կենտրոններ», որոնք տարիներ շարունակ ձգտել են այս ամենն իրականացնել, այսօր դա անում են անօրինական մեկ ստորագրությամբ։
Փաստորեն, մեկնարկելու է սահմանազատման աշխատանքները, ինչի մասին նաև նախօրեին ՌԴ արտգործնախարարն ասաց, սա նշանակում է արդյոք, որ մենք պաշտոնապես ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախն ամբողջովին համարում Ադրբեջանի մաս, հարցին ի պատասխան Լ․ Ալավերդյանն ասաց․ «Դա մեկնարկել է նոյեմբերի 9-ից սկսած։ Որևէ մի իրավունք չունենալով այդ տարածքների նկատմամբ, Հայաստանը որոշել է Արցախի տարածքների ճակատագիրը։ Կասկած չկա, որ այս փաստաթուղթը կարող է լինել որպես իրավական վախճան»։ Նա նաև անընդունելի է համարում այն շտապողականությունը, որն այսօր կողմերը որդեգրել են, որը, ըստ նրա, Հայաստանի հաջորդ իշխանությունների համար դիվանագիտական հսկայական խնդիրներ է ստեղծելու։ «Մենք մեծ դժվարությամբ կարողացել ենք մեր ազատագրական պայքարով վերադարձնել Ադրբեջանին չպատկանող հողերն ու վերամավորել Արցախին։ Ու հիմա ինչ հեշտությամբ նորից բռնակցվեց Ադրբեջանին։ Ամենամեծ վտանգը հետևյալն է՝ մեռյալ սխեման կյանքի է կոչվելու ու հետագայում ով էլ իշխանության գա Հայաստանում, դա ինչ-որ չափով շտկելու համար կանգնելու է ծանրագույն խնդրի առջև»,- հավելեց Լ․ Ալավերդյանը։»
