Աննա Նաղդալյան․ Միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
«Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, թե արդեն մեկ շաբաթից ավել է՝ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են ՀՀ ինքնիշխան տարածք, խնդրում ենք ԱԳՆ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Նա նաև նշել է, որ չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», — ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ, պնդելով, որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք միջազգայի արձագանքը իրավիճակի վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից»:
