«Իմ քայլի» վարկանիշը կտրուկ նվազել է, «Հայաստան» դաշինքինը՝ անշեղորեն աճել. «Գելլափ ինթերնեշնլը» հարցումներ է անցկացրել
ArmDaily.am-ը գրում է.
«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիան մայիսի 18-21-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանում հեռախոսային հարցումներ է իրականացրել 800 անձանց շրջանակում։
Ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջատար կուսակցությունները մի քանիսն են, առաջինը «Իմ քայլը» դաշինքն է ՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին, նրանք գրանցել են 24.8 տոկոս ցուցանիշ։ Երկրորդը «Հայաստան դաշինքն է», որը գրանցել է 14.3 տոկոս։ Երրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 4.3 տոկոսով։ Նրանց հետևում է 3.1 տոկոսով «Պատիվ ունեմ» դաշինքը, 5-րդ տեղում «Հայրենիք» կուսակցությունն է 2.5 տոկոսով, «Լուսավոր Հայաստանը» 2 տոկոս է գրանցել։
Համեմատելով մեկ ամիս առաջ իրականացված հարցման տվյալների հետ՝ նա նշեց, որ «Իմ քայլը» դաշինքինը այն ժամանակ ուներ 27.2 տոկոս։
«Այսինքն, մենք ունենք մոտ 2.5 տոկոս նվազում այս ուժի մոտ և զգալի աճ՝ «Հայաստան» դաշինքի մոտ։ Նրանք նախկինում ունեին 8.1 տոկոս, հիմա արդեն 14.3 տոկոս։
Կարծում եմ, սա զգալի աճ է։ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մոտ նույնպես որոշակի աճ կա, որը սակայն այդքան էլ զգալի չէ։ Զգալի աճ է գրանցել նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որը 1 տոկոսից հասել է 2.5 տոկոսի»։
Նավասարդյանն ասաց, որ հարցումն անցկացվել է այն շաբաթվա ընթացքում, երբ արձանագրվեց ադրբեջանական ուժերի ներթափանցումը Սյունիքի և Գեղաքունիքի մարզեր։
«Անկեղծ ասած՝ իմ տպավորությամբ այդ անկումն ավելի էական պետք է լիներ, հաշվի առնելով նախորդ շաբաթվա իրադարձությունները, բայց սա այն է, ինչ գրանցել ենք։
Այն խնդիրները, որ առաջացան ադրբեջանական ուժերի ներխուժումով դեպի հայկական տարածք, այն անգործությունը, որը ցուցաբերեց իշխանությունը և վտանգի գործոնի մեծացումը հանգեցրեց նրան, որ իշխող ուժի ռեյտինգը նվազել է ու ի հակադրություն դրան բարձրացել է «Հայաստան» դաշինքի վարկանիշը, որովհետև որպես իշխող ուժին հիմնական հակադրվող ուժ՝ հենց «Հայաստան» դաշինքն է նշվում, քանի որ անվտանգային խնդիրները գնալով Հայաստանում մեծանում են, իսկ Ռոբերտ Քոչարյանը իր խարիզմայով ու ընկալմամբ՝ ավելի մոտ է անվտանգային խնդիրների լուծմանը, որպես նաև ռազմական ղեկավար»։
»
