Տարածքային կորուստները ցանկացած պահի կարելի է հետ վերադարձնել, իսկ զինված ուժերը վերականգնելու համար ժամանակ է պետք — NEWS.am

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան հնարավոր դարձավ, քանի որ հեղափոխությունից հետո ճիշտ չեն գնահատվել մեր զինուժի հնարավորությունները եւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել պաշտպանության բանակը զինելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին անարգել, առանց դիմադրության խախտում է մեր սահմանը։

«Տարածքային կորուստներն այնքան ցավալի չեն ինձ համար, որքան որ հայկական զինված ուժերի ողնաշարն է ջարդված, ինչը մինչեւ այսօր էլ շարունակվում է։ Տարածքային կորուստները ցանկացած պահի կարելի է հետ վերադարձնել, իսկ զինված ուժերի, մարտական ոգու կորուստները վերականգնելու համար շատ ժամանակ է պետք»,– նշում է զինվորականը՝ հավելելով, որ պատերազմում մեր մարդկային ռեսուրսների կորուստը չափազանց մեծ է, որն ամենամեծ հարվածն է բանակի համար։

Ղարամյանի կարծիքով, այս պատերազմում մեր պարտության պատճառները մի քանիսն են. «Երեւի մենք որոշ ժամանակ իլուզիաներով ենք ապրել հայկական զինված ուժերի վերաբերյալ մեր պատկերացումներում, որը չի համապատասխանել իրականությանը, սպասվող մարտահրավերներին՝ սկսած վերջին տարիներին բանակում կատարվող բարեփոխումներից։ Ճիշտ չեն գնահատվել մարտահրավերները եւ դրանց համապատասխան բարեփոխումներ չեն կատարվել»,– փաստում է նա ու թվարկում հայկական կողմի զրահատեխնիկայի, հակօդային պաշտպանության, բանակի կազմակերպչական աշխատանքներում առկա խնդիրները։

«Մեզ մոտ կարծրատիպ կա, թե պատերազմին մասնակցում է միայն բանակը, բայց իրականում պատերազմին պիտի մասնակցի ամբողջ երկիրը։ Պետք է ռազմական դրության օրենքին համապատասխան երկիրը տեղափոխել պատերազմական ռելսերի վրա՝ պատերազմական իրավիճակին համահունչ։ Հիմա հարց է առաջանում՝ պետությունն ամեն ինչ արե՞լ է, որպեսզի թիկունք կանգնի բանակին ու մասնակցի պատերազմին։ Միանշանակ կարելի է ասել՝ ոչ։ Արդարացի չէ միայն մեղքը զինվորականների վրա բարդելը, որովհետեւ պատերազմը վարում է ամբողջ պետությունը, իսկ դրա համար պատասխանատու է ռազմաքաղաքական ղեկավարությունը՝  ի դեմս գործող իշխանության»,– նշում է Արցախի հերոսը։