Աշոտ Անդրեասյան․ Մինչ այս պահը մեզ վստահված բոլոր ոլորտներն ու ուղղությունները միայն ծաղկել են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, բազում զանգերին, հարցադրումներին և նամակներին ի պատասխան. այո՛, ես ընդգրկված եմ 2021 թ․ Արտահերթ Խորհրդարանական ընտությունների «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության ընտրացուցակում որպես պատգամավորի թեկնածու (28-րդ համար)։

Նախընտրական շրջանում բոլոր անհատներն ու կուսակցությունները հանդես են գալիս խոստումներով, ծրագրերով, ապագայի հանդեպ հուսադրող առաջարկներով։

Ուզում եմ նամակներ և հարցեր հղող իմ հետևորդներին, համախոհներին և ընկերներին ասել, որ որպես պատգամավորի թեկնածու առաջին հերթին ուզում եմ ընդգծել իմ քաղաքական թիմի և երիտասարդական թևի հետագիծը։ Ընտրությունները նշանակելու օրվանից առաջ մենք չունեինք ոչ պաշտոնների, ոչ աթոռների, ոչ էլ ինքնագովազդի խնդիր։ Մենք ունեինք միայն մաքուր, բարեգործություններով, հայամետ սկզբունքներով, պահպանողական գաղափարներով և ազգասիրությամբ առաջնորդված գործունեության անցյալ, ունեինք օր-օրի հայրենիք կորցնող, քաղաքական հետապնդումների ենթարկվող, ասֆալտներին փռվող ներկա և այս իրավիճակից դուրս գալու ցանկություն, նպատակ ու առաքելություն։

Ինչու՞ մենք և ինչու՞ ես։

Մենք, որովհետև մինչ այս պահը մեզ վստահված բոլոր ոլորտներն ու ուղղությունները միայն ծաղկել են, որովհետև արել ենք ժողովրդի համար հնարավորն ու անհնարը։

Ես, որովհետև ես պաշտոնատենչ անհատ չեմ, ես հայրենասեր, կիրթ, պետականամետ գաղափարներ և բարձր արժեհամակարգ ունեցող մի մեծ երիտասարդական թիմ եմ։

Մենք գալիս ենք հաղթելու և իրականացնելու մեր ծրագրային կետերը, մենք գալիս ենք ծաղկեցնելու, փոխելու, վերաիմաստավորելու, զարթոնքի փուլ ստեղծելու։

Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ինձ վստահելու համար։ Հուսով եմ, որ մենք դեռ կունենանք հնարավորություն մեր հայրենասեր ծրագրերը կյանքի կոչելու և ՀՀ-ն այս դժվարին իրավիճակից դուրս բերելու համար։

Այս ընտրություններին ինձ վստահված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որի մասին ավելի մանարամասն՝ շուտով»։