Ե՞րբ է ավելի ճիշտ ճարպոտ սնունդ ուտել

 

NEWS.am Medicineը գրում է.

«Ճարպոտ մսամթերքները (բեկոն, նրբերշիկ) ավելի լավ է առավոտյան նախաճաշին ուտել, քան երեկոյան ընթրիքին: Այդ մասին է վկայում 27 911 մեծահասակ ամերիկացիների տվյալների վերլուծությունը, որը հստակ ցույց է տալիս սննդակարգի եւ սրտային հիվանդությունների ռիսկի կապը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ ուսումնասիրությունն իրականացրել են Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները: Այն ցույց է տվել, որ բուսական հիմքով ընթրիքները 10%-ով նվազեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը: Իսկ այն մարդիկ, ովքեր ընթրիքի ժամանակ չափազանց շատ ռաֆինացված ածխաջրեր եւ ճարպոտ միս են օգտագործում, սրտային հիվանդության ավելի մեծ ռիսկի են ենթարկված, քան այն մարդիկ, ովքեր նմանատիպ սնունդ նախաճաշին են ուտում:

Սննդակարգում հագեցած ճարպերի, վերամշակված մսի եւ ավելացված շաքարների առատությունը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը եւ մեծացնել սրտային հիվանդությունների ռիսկը: Սրտի համար առողջ սննդակարգը՝ մեծ քանակությամբ չռաֆինացված ածխաջրերով (բանջարեղեն, հացահատիկներ) եւ քիչ քանակությամբ մսով, կարող է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Կարեւոր է նաեւ ուտելու ժամանակը, եւ վերջին հետազոտությունը հաստատել է դա:»