Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Մայիսի 31-ին պատերազմում անհետ կորածների հարազատները երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել: Այնուհետև հայտարարություն տարածեց ՀՀ առողջապահության նախարարությունը, հայտնելով, որ մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ բոլոր տվյալները: «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին»,- նշել էին նախարարությունից:
Համացանցում նաև լուսանկարներ էին հայտնվել, որոնք փաստում էին, որ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում զոհված զինծառայողների դիերը և մասունքները պահվում էին ոչ պատշաճ պայմաններում:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հունիսի 1-ին հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված: «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար: Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով: Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ: Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,- ասված էր նախարարի պաշտոնակատարի հայտարարության մեջ։
