Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման հարցը

Tert.am-ը գրում է.

«ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հանդիպում է ունեցել Իսրայելի իր գործընկերոջ՝ Բենի Հանցեմի հետ, հաղորդում է ТАСС-ը:

Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակն ու Իրայելի և Պաղեստինի միջև վերջերս հաստատված հրադադարը. Օսթինը շեշտել է, որ ամերիկյան կողմը աջակցում է հաստատված հրադադարը պահպանելուն, ինչն անհրաժեշտ է թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների անվտանգությունն ապահովելու համար:

«Օսթինը շեշտել է ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի պաշտպանության և ռազմական որակյալ գերազանցություն ապահովելուն»,- նշված է Պենտագոնի հայտարարություններում:

Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:

Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:

Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից:»