Վլադիմիր Պուտինը եւ Եվրոպայի խորհրդի նախագահը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկկողմ օրակարգի այլ կարեւոր հարցերի թվում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետեւողական իրականացման կարեւորությունը:
Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը: Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով, — նշվում է հաղորդագրության մեջ:
