Թուրքիան մեր տարածաշրջանում ՌՌ-ին պետք է նաև որպես չին-իրանական ազդեցությունը չեզոքացնելու միջոց․ միջազգայնագետ

 

Երեկ Մոսկվայում ընթացող «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումին Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց էր ուղղել ՌԴ արտգործնախարար Լավրովին այն մասին, թե արդյոք վերջինս չի կարծում, որ տարածաշրջանային պրոցեսներին պետք է ստիպողաբար ներգրավվել նաև Թուրքիային (հարցը՝ ստորև տեսանյութում): Այսպիսի կարծիք արտահայտեց իր TG-ալիքում միջազգային հարցերով մասնագետ Արմեն Մխիթարյանը։

«Իմ հիշողության մեջ Հայաստանում այսպիսի հռետորաբանություն ունեին ծռերն ու մերձկապիտուլյանտական շրջանակները։ Ինչևէ, Լավրովը հարցին պատասխանել է 6-7 րոպե, որի ընթացքում առնվազն երկու անգամ ասել է՝ «տարածաշրջանային խնդիրների կարգավորումը, առանց Թուրքիայի և Իրանի շահերը հաշվի առնելու, հնարավոր չէ»։ Վերջում նշելով, որ Թուրքիայի ներգրավվածությունը պոզիտիվ գործընթաց է։

Մի քանի դիտարկում.

✓ Ռուսաստանը հարկադրված է հաշվի նստելու Թուրքիայի հետ, քանի որ թուրքերը բավականին ակտիվ և հաջող կերպով ներգրավվում են բոլոր այն տարածքներում, որոնք երբևէ համարվել են Ցարական Ռուսաստանի, ապա Խորհրդային Միության ազդեցության գոտի։

✓ Թուրքիան մեր տարածաշրջանում Ռուսաստանին պետք է նաև որպես չին-իրանական ազդեցությունը չեզոքացնելու միջոց։

✓ Հայաստանի քաղաքական շրջանակների համար, որոնք ապագայում իշխանություն են լինելու հարկ է ֆիքսել, որ Ռուսաստանի համար մենք չենք եղել ու չենք լինելու դաշնակից, որովհետև Ռուսաստանը, որպես այդպիսին, դաշնակիցներ չունի։

✓ ՌԴ-ն, ինչպես ցանկացած համաշխարհային կամ տարածաշրջանային տերություն, ունի որոշակի շահեր, որոնք հաճախ ընդհանրություն չունեն այլ՝ փոքր կամ միջին կարգի պետությունների շահերի հետ։

✓ Արցախի կորստից հետո Հայաստանի մնացած տարածքն է այժմ դարձել տերությունների շահերի բախման բեմը։ Հայաստանը տուժողի կարգավիճակում է և այդպիսին էլ դուրս է գալու իրավիճակից՝ քիչ կամ ավելի շատ կորուստներով», — գրում է նա։