«Ինքը պետք է հեռանա, որովհետև մեզ հայրենազրկել է». Շիրակի թեմի առաջնորդ — 168.am

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարություններին, որ «էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած», պետկ է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ, նշեց, որ նախ, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, թե ինչ ունի հայ հոգևորականության դեմ, որ այդպես է խոսում։

«Ես չգիտեմ, թե նա իր հիվանդ երևակայության մեջ ինչ է մտածում, ես ինչպե՞ս կարող եմ ասել, թե ինչ է մտածում։ Ես այդքան կարողություն չունեմ նրա հիվանդ երևակայությունը հասկանալու համար։ Նա ի՞նչ է հասկանում՝ կոռումպացված ասելով, հոգևորականներն ինչո՞վ են կոռումպացված, այդ ո՞վ է մեզ կաշառք տվել, որ մենք էլ վերցրել ենք, ինչո՞վ է արտահայտվում մեր կոռումպացված լինելը»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնոդը նաև ընդգծեց՝ հայ հոգևորականությունն իր հստակ  դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ արդեն արտահայտել է՝ նրա հրաժարականը պահանջելով։

«Մենք հստակ ասել ենք՝ ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ՝ որովհետև նա մեզ հայրենազրկել է, խայտառակել է, մեր հպարտությունն ու արժանապատվությունը գողացել է։ Նա մեր երկիրն իջեցրել է անդունդի մեջ։ Նա մեր բանակն է քայքայել, հասցրել ծայրահեղ ծանր վիճակի։ Մենք այս ամենի համար նրա հրաժարականն ենք պահանջել, այնքան մարդ կա, որ մեզ ինչ ասեք անվանում է՝ Աստված իրենց հետ։ Դե, ինքն ուզում է  ցույց տա, թե մեր դեմ, մեր կոռումպացված լինելու դեմ պայքարում է, և դրա համար մենք իրեն դեմ ենք, սա սխալ եզրակացություն է»,- շեշտեց սրբազանը։

Միաժամանակ նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ սեփական սխալները գտնել ու դրանք ընդունել, այդ պատճառով էլ մեղադրում է ուրիշներին։

«Որևէ մեկը եթե իրեն դեմ է՝ կոռումպացված է, սա է նրա եզրակացությունը, երևակայությունը»,- եզրափակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Կարդալ ավելին 168.am-ի կայքում