Արարատի մարզում օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ. կա զոհ
Այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի մարզի քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ ծառայողները:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել քննչական խումբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:
