Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ մարտական նռնակ է նետվել

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները։

Պայթյունի հետևանքով վնասվել են հարևանությամբ՝ Մուրացան 176/1 տան դիմաց կայանված Opel մակնիշի ավտոեմեքենայի կողային 2 ապակիները, վնասվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Վահե Սահակյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի ինքնությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս դեպքի մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել: Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք», գրել է նա և քիչ անց հավելել է. «Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձակն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել»: