ՌԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքն ու բխող հետևանքները այսպես թե այնպես ազդելու են մեր տարածաշրջանի վրա ևս․ Միջազգայնագետ
Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տարբեր հարցումներ են իրականացվում։ Թեմային անդրադարնում է միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը իր Telegram-ալիքում, ստորև տեղադրելով դրանցից մեկի հղումը։
«Այստեղ առանձնացնեմ դրանից մի քանի կարևոր կետեր՝
▪️ Ակնհայտ է, որ Ռուսաստանում ևս կա ընտրական պրոցեսների հանդեպ վստահության ճգնաժամ (ըստ հարցման՝ մասնակցելու են 43%-ը): Ըստ որում, վերջին տարիներին գրեթե բոլոր երկրներում, ուր անց են կացվել ընտրություններ, պատկերն էս առումով նույնական է. այդպես է եղել, օրինակ, նաև Հայաստանում և Իրանում։
▪️ ՌԴ գլխավոր քաղաքական ուժի օգտին քվեարկողների թիվը նվազել է (24%-ից՝ 20%), ինչը հազիվ թե փոխի «եդինառոսների» դերն ու ազդեցությունը քաղաքական դաշտում։
▪️ Կոնկրետ տվյալ հարցման արդյունքներով երկրորդ ազդեցիկ ուժը կոմունիստներն են (ՌԴԿԿ-ն՝ 15%): Հաշվի առնելով նրանց ռադիկալ թևի «նավալնիականացումը» և «սպրավեդլիվառոսների» կազմած նոր դաշինքում ՌԴԿԿ-ն ներգրավվելու ջանքերը՝ փաստենք, որ կոմունիստների ձայները փախցնելու/իրենցով անելու փորձեր արվելու են։
▪️ Այդքանով հանդերձ, ՌԴԿԿ-ն և Ժիրինովսկու ՌԼԴԿ-ն (միասին՝ ընտրողների ձայների 23%-ը) ներքին տրանսֆորմացիայի շրջանի նախաշեմին են, քանի որ երկուսի դեպքում էլ ներկուսակցական իշխանությունը դեռ պահող (Զյուգանովն ու Ժիրինովսկին) բավական հին դեմքեր են։
▪️ Մեծ տոկոս են կազմում «բոլորին դեմ» և «դեռ չկողմնորոշված» նշողները (ավելի, քան 30%):
Ցանկացած պարագայում պետք չէ «դե, սաղ վերևներից որոշված ա» տրամաբանության մեջ շտապել կարծելու, թե ընտրական պրոցեսն արդեն իսկ կանխորոշված է։ Մեր խնդիրն է լրջորեն հետևելու և ընկալելու պրոցեսը, քանի որ դրա արդյունքն ու բխող հետևանքները այսպես թե այնպես ազդելու են մեր տարածաշրջանի վրա ևս։ Ի վերջո, ներեցեք, որ կտրուկ գնահատական եմ հնչեցնում, բայց ընկերական հարաբերությունների վրա հիմնվելու հույսին մնալը նույնքան միամտություն է, որքան Գաբրիելյանովի և տեղական Գելափի էքզիտ-փոլերով մարդկանց հույս ներշնչելու հետևանքը՝ մեծ սպասումներ և նոր հիասթափություն», – նշում է միջազգային փորձագետը։
