Հայաստանին դուրս են թողնում հնագիտական գիտաժողովներից

Panorama.am -ը գրում է.

«Օրեր առաջ Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ահազանգել էր՝ «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)»  («Սահմանային քաղաքներ. Անտիկ քաղաքաշինության ուսումնասիրությունը Հարավային Կովկասում (ՔՀ 300–600») գիտաժողովից միտումնավոր դուրս են թողել Հայաստանը, հայկական քաղաքներն ու հայ մասնագետներին: Նա ցավով և հիասթափությամբ տեղեկացրել էր, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ:

Panorama.am-ը դիմեց Համլետ Պետրոսյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք բողոքել են նման մոտեցման դեմ, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այդ մոտեցումը:

Panorama.am-Պարոն Պետրոսյան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, կազմակերպիչներին բողոք ներկայացրե՞լ եք:

Հ.Պետրոսյան— Հայկական ուսումնասիրությունների եվրոպական կազմակերպությունը դիմել է մի երկու կազմակերպչի: Ինչ որ բացատրություն են տվել, սակայն իրականում բացարձակապես այդպես չէ: Մենք պատրաստվում ենք կազմակերպության անունից նամակ գրել դանիական համալսարանի պատասխանատուին՝ շեշտելով նման գիտական, ակադեմիական անբարեվարքության դրսևորումները,  տեսնենք՝ ի՞նչ կտա:

Այստեղ երկու խնդիր կա՝ հասկանանք, թե միջազգային գիտական ասպարեզում ում հետ գործ ունենք, երկրորդ՝ ինքներս մի քիչ զգոնանաք,  զգաստանանք, հասկանանք, որ քաղաքականությունը մուտք է գործել, ցավոք, գիտական, ակադեմիական ասպարեզ, հայագետները պետք է որոշակի դիրքորոշում ունենան այդ հարցում:

Panorama.am-Ձեր կարծիքով, Ադրբեջանը դերակատարում ունեցե՞լ է նման որոշման մեջ:

Հ.Պետրոսյան-Դատելով նրանից, որ ադրբեջանցի հետազոտողներն ակտիվորեն մասնակում են, դատելով նրանից, որ մասնակցում են վրացիները, այո, կարելի է  ենթադրություն անել, որ հայկական կողմի անտեսումը որոշակի նախապայման, նախահիմք եղել է, ինչ որ մեկն ասել է, հասկացրել է, որ իրենք այդպես են ուզում:

Նախկինում եվրոպական մի քանի կազմակերպություններ փորձել են գիտաժողովներին չեզոք մասնակից դարձնել հայերին և ադրբեջանցիներին: Քանի որ Ադրբեջանում գիտությունը լրիվ քաղաքականացված է, Ադրբեջանը չի համաձայնել նման պայմանների, հայերն ու ադրբեջանցիները միասին գիտական հանդիպումներին  համարյա հանդես չեն եկել Ադրբեջանի պահվածքի պատճառով: Այս անգամ լրիվ հակառակ դեպքն է՝ ադրբեջանցիները մասնակցում են և հայերը ոչ թե հրաժարվում են մասնակցել, այլ ուղղակի հայերին անտեսում են:

Այնպես չէ, որ դա մի կարևոր բան է, միջազային կոնգրես է, ուղղակի եթե մենք ուշադիր չլինենք նման նշաններին, այդ ամենը չհասկանանք, վաղը շատ ավելի  լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:»