Սերժ Սարգսյան. Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, քաղաքական պատվերի շրջանակում է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանը և մյուսների գործով դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նիստին ներկա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,- նշեց նա։
Դատավորի հարցին՝ այսինքն կարող են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:
Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանն էլ նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել, ընդհանրապես այդ գումարը, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը որպես սուբսիդավորում, հափշտակում համարելն ուղղակի անիմաստ է ու հնարավոր չէ»:
Գործով անցնող Գևորգ Հարությունյանը նույնպես ասաց, որ իրենց մեղավոր չի ճանաչում, մեղադրանքն ամբողջովին անհիմն է:
Աղբյուր` Panorama.am
