«Դատավորը «հաղթեց» Բադասյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Դատավորը «հաղթեց» Բադասյանին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի նկատմամբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել եւ ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Բադասյանը դատավորի նկատմամբ վարույթ է հարուցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։
Կարգապահականի համար հիմք է ծառայել բժիշկ Արա Մինասյանի գործը․ ըստ ԲԴԽ-ին ներկայացված հիմքերի՝ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, դրսեւորել է այնպիսի վարքագիծ, որը կարող էր կասկածի տակ դնել նրա անկողմնակալությունը։ Բացի այդ, դատավորը իր ձեռքի տակ ունեցել է այնպիսի նյութեր, որոնց պայմաններում առաջին ատյանի դատարանը հնարավորություն է ունեցել գնահատել ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայությունը, եւ որոնց հետազոտման արդյունքում Լուսինե Աբգարյանը պարտավոր էր լուծեր իր իրավասությանը հանձնված գործը, սակայն որոշում է կայացրել բեկանել առաջին ատյանի դատական ակտը եւ ուղարկել այն նույն դատարան՝ նոր քննության, թույլ տալով հավելյալ դատական շրջապտույտ։
Օրեր առաջ Բարձագույն դատական խորհուրդը այս կարգապահականի վերաբերյալ որոշում է կայացրել՝ ըստ էության մերժելով արդարադատության նախարարի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Աբգարյանը հանրությանը առավել հայտնի է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից, մասնավորապես նրա շուրջ աղմուկ առաջացավ ամիսներ առաջ, երբ Քոչարյանի գործով՝ այս դատավորի նիստի ժամանակ նրան ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց։ Իքնաբացարկի հիմք էին դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Ի վերջո, դատավորը ինքնաբացարկ չէր ներկայացրել։
Աբգարյանին է մակագրված նաեւ պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ բողոքը, որը նրա նախագահությամբ տեղի կունենա վաղը։
Հիշեցնենք, որ դեռեւս ընտրություններից առաջ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Փաշինյանի իշխանությունը կազմել է ոչ ցանկալի դատավորների «սեւ ցուցակ», այն դատավորները, որոնք հանդգնել են քաղաքական գործերով իրենց ցանկություններին հակառակ որոշումներ կայացնել հայտնվում են կա՛մ իրավապահների, կա՛մ էլ Բարձրագույն դատական խորհրդի թիրախում, հատկապես այն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին եկավ փոխարինելու իշխանության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d3639ab143cd3b99009456a6d987c0d4
