«Մոտ 900 հազար ընտրողի իրավունք է խախտվել»․ «Հայոց հայրենիք»-ը դիմում է ՍԴ — Aravot.am

Aravot.am-ը գրում է.

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած եւ նվազագույն շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժերից է, որն այսօր դիմելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը՝ ունեն բոլոր հիմքերն ընտրախախտումների հետ կապված․ «Սկսած քվեաթերթիկների ոչ սահմանված նմուշի լինելուց, քվեախցիկների ոչ ճիշտ տեղադրումից, վերջացրած էլեկտրոնային սարքերի ոչ ճիշտ քանակով։ Բոլոր նյութերն ունենք ՍԴ դիմելու։ Այս ամենը, մեր գնահատմամբ, շատ մեծ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Մոտ 900 հազար ընտրողի իրավունքները խախտված են եղել, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողներինը։ Եթե մոտ 900 հազար քաղաքացի չի կարողացել մասնակցել ընտրություններին, կարծում եմ՝ դա լուրջ թիվ է, որպեսզի ընտրությունները համարվեն անվավեր»։

Հետաքրքրվեցինք՝ մատնանշված թվի քաղաքացիները չեն ուզեցե՞լ մասնակցել քվեարկությանը, թե խոչընդոտներ են ստեղծվել նրանց համար։ «Չեն կարողացել մասնակցել։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նորմալ պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի կարողանային մոտենալ տեղամասին եւ քվեարկել։ Իսկ հաշմանդամություն ունեցող եւ ընտրական իրավունք ունեցող անձանց թիվը ՀՀ-ում բավականին մեծ է»,-նշեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե էլ ո՞ր խմբի քաղաքացիներն են մտնում այդ թվի մեջ։ «Մարդիկ կան, որոնք անձնագրերի եւ գրանցման հետ կապված խնդիրներ են ունեցել»,- եզրափակեց տիկին Եղոյանը։ Հավելենք, որ ՍԴ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է։ Ավելի վաղ ընտրությունների քվեարկության արդյունքների հետ կապված վերահաշվարկի դիմումներ ներկայացրած եւ ընտրական շեմը չհաղթահարած մյուս կուսակցությունների՝ «Ինքնիշխան Հայաստան»-ի, «Վերելք»-ի, «Համահայկական ազգային պետականության» լիազոր ներկայացուցիչներն Aravot.am-ին հայտնեցին, որ ՍԴ չեն դիմելու։