ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը

 

ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական եւ անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական եւ հետընտական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը

արձանագրում է, որ՝

🛑 Խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տեւական ժամանակ շարունակվող քաղաքական եւ ներհասարակական ճգնաժամը։

🛑 Երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության եւ պետականության համար։

🛑 ԱԺ արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործընկերների հետ ձեւավորեց «Հայաստան» դաշինքը, իր բազմահազար նվիրյալ շարքերով վճռական մասնակցություն ունեցավ ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձավ այս իշխանությունների իրական եւ գլխավոր այլընտրանքը։

🛑 Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների եւ հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։

🛑 Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝

🔺 Հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրեւ արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։

🔺 Հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի համագործակցության Հռչակագիրը, կարեւորելով եւ գնահատելով Դաշինքի ձեւավորումը ու շարունակվող սերտ եւ արդյունավետ համագործակցությունը՝ հարգանքի եւ վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։

🔺 Հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին։

🔺 Վճռականորեն հակազդելու է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված եւ ազգային-հոգեւոր հաստատությունների, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օրվա իշխանությունների քողարկված եւ բացահայտ քայլերին ու գործողություններին։

🔺 Գործադրելու է բոլոր ջանքերը հանրային համախմբվածության ամրապնդման, ապազգային, հակապետական դրսեւորումների դեմ ազգային դիմադրական ցանցային շարժում ձեւավորելու ուղղությամբ։

🔺 Մշտապես ուշադրության ներքո է պահելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման հարցերը։

🔺 Ընդդիմանալու է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խզում առաջացնելու եւ պառակտում սերմանելու, կայացած ավանդական կառույցների դերակատարության նսեմացման փորձերին։

ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը, մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ են։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ մեր հայրենակիցներին՝ շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու համար։

ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողով

Երեւան

05 հուլիս 2021թ.