Դավիթ Հարությունյանը անթույլատրելի է համարում քարոզարշավի ընթացքում հայհոյախառը բառապաշարի օգտագործումը

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը  անթույլատրելի է համարում նախընտրական քարոզարշավի ողջ ընթաքում, իրենց կարծիքով, հայհոյախառը բառապաշարի օգտագործումը՝ նշելով, որ դրա կանխումը իշխանությունների պոզիտիվ պարտականությունն  է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դավիթ Հարությունյանը այս մասին ասաց Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին հետաքրքրող հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայհոյանք պարունակող խոսքերը։

«Այն բառապաշարը, որն օգտագործվել է այս քարոզարշավի ողջ ընթացքում, անթույլատրելի է։ Հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, երբ անընդհատ հնչում է տարափ՝ ահաբեկող, հայհոյող, նվաստացնող։ Բայց չեմ համարում, որ դա ճիշտ մոտեցում է։ Կարծում եմ, որ առաջինը պետք է իշխանությունը քայլեր ձեռնարկի, որ նման իրավիճակ Հայաստանում չլինի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, իմ ելույթի ժամանակ ես խոսում էի իշխանության պոզիտիվ պարտականությունների մասին՝ կանխելու այդ ամենը, բայց երբ իշխանությունը ինքն է նախաձեռնում, նման բաներ չի էլ կարող կանխել։ Դրանք որպես կանոն արձագանք են իշխանության նման պահվածքին»,- ասաց Հարությունյանը։

Ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ դրանք ցավալի երևույթներ են, և Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է քայլեր ձեռնարկվեն դրանք բացառելու ուղղությամբ, և Սահմանադրական դատարանի դիրքորոշումը այս առումով հույժ կարևոր է, որ երբևէ քաղաքական բառապաշարը չդառնա բառապաշար, որը բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին։