Ի՞նչ կապ ունեն Սուքիասյանները երեկվա կրակոցների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ գռում է․ «Երեկ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, միայն մեկ քաղաքացու մասին է նշված՝ 1979 թ․ ծնված ԱՄՆ քաղաքացու, որը «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Ոստիկանությունից, սակայն, մեզ հայտնեցին, որ ևս մի քաղաքացի էլ՝ արդեն դանակահարված դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն և ասել, որ վնասվածքն ստացել է դարձյալ Ամիրյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

<…>

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության մասնակիցներից մեկն ու ԱՄՆ քաղաքացու ոտքին կրակողը եղել է «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Սուքիասյան եղբայրներից կրտսերը՝ Ռոբերտ Սուքիասյանը, որը ՔՊ-ի ցուցակով խորհրդարան անցած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։ Ասացին՝ կրակոցից հետո Ռոբերտ Սուքիասյանն արագ հեռացել է դեպքի վայրից, նա եղել է վրացական պետհամարանիշով թանկարժեք սպորտային մեքենայով, որը, որոշների կարժիքով՝ Ferrari է եղել, իսկ մեր տեղեկությամբ՝ McLaren MP 4-12 C, որից օրերս հանդիպել ենք մայրաքաղաքի փողոցներում, այլ նմանատիպ մեքենա վրացական պետհամարանիշով քաղաքում ունեցող չկա, կարծես թե։

Սուքիասյանի հեռանալուց հետո նրա թիկնապահները, ըստ շրջանառվող տեղեկությունների, ոտքից հրազենային վնասվածք ստացած ԱՄՆ քաղաքացուն նստեցրել են իրենց մեքենան ու տարել հիվանդանոց։ Դեպքի վայրում կայանած է եղել Սուքիասյանների ընտանիքն ու նրանց մերձավորներին պատկանող 01 LN 015 պետհամարանիշով Mazda 6 մակնիշի ավտոմեքենա, որը, հավանաբար, թիկնապահներից մեկի մեքենան է եղել։

Ի դեպ, մեզ ասացին, որ տարածքի սրճարաններից մեկի մատուցողը հեռախոսով նկարահանել է միջադեպը, և նրան տարել են հարցաքննության։ Համացանցում լուրեր են տարածվում, որ տեսանյութը ջնջել են տվել։ Մենք երեկ գրել էինք, որ քննչական գործողությունների ժամանակ մի քաղաքացու ոստիկանները տանում էին բաժին՝ հընթացս վստահեցնելով, թե նրա անվտանգությունը կապահովեն։

Մենք փորձեցինք Սուքիասյանների առնչությունն այդ միջադեպին պարզել թե՛ իրենցից, թե՛ Քննչական կոմիտեից։ Կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ ասաց, որ իրենք անուններ չեն հրապարակում։ Այդուհանդերձ, Սուքիասյանները որևէ առնչություն ունե՞ն այս միջադեպի հետ։

«Չգիտեմ, էդ ինֆորմացիան չունեմ ես»,-եղավ պատասխանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝