Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը. Դեսպան Լաքոտը

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Այս մասին «Ազատությանը»  տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», — եզրափակեց նա։

Պատասխանելով «Ազատություն»-ի հարցին՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և այսօր էլ Ֆրանսիան շարունակում է դիվանագիտական, քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչո՞ւ է Փարիզն աջակցում Երևանին, Ժոնաթան Լաքոտը ասաց.  «Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում, իհարկե, մեր երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են։ Բայց դա նաև պայմանավորված է որոշ սկզբունքներով, որոնց Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պայքարում է մի աշխարհի համար, որտեղ հակամարտություններն ուժով չեն լուծվում։ Ֆրանսիան հավատում է մի աշխարհի, որտեղ բնակիչները կարող են մնալ իրենց տարածքներում։ Եվ Ֆրանսիան հավատում է հակամարտությունների բանակցված լուծումներին։ Այս հակամարտությունից բխում են մի շարք խնդիրներ, որոնց Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս` ուժի չկիրառում, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանություն, զենքերի որոշ տեսակների կիրառման բացառում։ Այս բոլոր խնդիրների ամբողջությունն է, որով բացատրվում է Ֆրանսիայի ներգրավվածությունն այս հարցում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազատության» կայքում: